
Նա վաղ ամուսնացավ՝ հազիվ ավարտելով ուսումնարանը:
Մեկ երեխա ունեցավ, մեկ տարի անց՝ ևս մեկը:
Կարիերայի, սեփական նախասիրությունների և հոբբիների համար ժամանակ չմնաց:
Ամբողջ ժամանակն անցնում էր պատրաստելով, լվացքով, մաքրությամբ…
Եվ չես ասի, որ դա նրան դուր չէր գալիս, կամ ընտանիքը երջանիկ չէր: Որդիներն առողջ և ուրախ էին մեծանում, դարձան մոր կյանքի իմաստը:
Բայց եկավ պահ, երբ նրանք մեծացան: Մեկը գնաց ուրիշ երկրում սովորելու, մյուսը որոշեց սեփական ընտանիք կազմել և աղջկա հետ առանձին ապրելու գնաց: Հենց այդ պահին նրա կյանքը փլվեց. չէ՞ որ նրան ուրիշ ոչինչ չմնաց: Հետևանքը՝ նա միայնակ է, կոտրված, նրա կյանքը դատարկվեց, իսկ երեխաների սրտում ապրում է մեղքի մշտական զգացում նրա միայնության համար:
Մի քիչ ուրիշ պատմություն: Նա հղիացավ տղամարդուց, ում իրենք պետք չէին և որոշեց այդ երեխային իր համար մեծացնել: Մայրը երեխային աշխատում էր ամեն ինչ տալ՝ իրեն զրկելով անձնական կյանքից, երազանքներից:
Նա դարձավ հաջողակ տղա, բայց և անմար մեղքի զգացումով: Հետևանքը՝ նա 50 տարեկան է, ամուսնացած չէ, երեխաներ չունի, դեռ մոր հետ է ապրում՝ փորձելով մարել իր պարտքը, բայց չի ստացվում:
Նրա կյանքն առանձնապես չդասավորվեց՝ կարիերան չստացվեց, արքայազնի չհանդիպեց, երեխաներ չունեցավ: Մոտ 40 տարեկան էր: Որոշեց երեխա ունենալ, որպեսզի կյանքում ինչ-որ բան ունենար: Որոշեց իր չարածները երեխայի ձեռքով անել:
Երեխային ուղարկեց դաշնամուր նվագելու, որովհետև իր մայրն իրեն արգելել էր: Բայց երեխան ատում էր դաշնամուրը:
Բայց մայրիկին հակաճառել պետք չէր, չէ՞ որ մայրիկը «քեզ համար ամբողջ կյանքն էր ներդրել»: Երեխան դարձավ թեթևսոլիկ մեծահասակ առանց որևէ ամբիցիայի: Փոխարենը կարողանում է դաշնամուր նվագել:
Այսպիսի քանի՞ պատմություներ կան: Միլիոնավոր: Որովհետև ծնողները երեխաներին դարձնում են իրենց կյանքի իմաստը: Դա բացարձակապես սխալ է…
Երեխան քո սեփականությունը չէ, նա անհատ է, իր կյանքն ունի, իր նախասիրությունները, նպատակները, երազանքները: Ծնողների պարտականությունն է նրանց տալ անհրաժեշտ ամեն բան, երջանիկ մանկություն ապահովել և բաց թողնել, երբ ժամանակը գա: Երեխան ծնողների կյանքում տիեզերքի կենտրոնը չէ:
Պետք չէ զոհաբերություններ անել, երեխաներին դա պետք չէ: Նույնիսկ եթե անում ես, երեխաները դա չպետք է իմանան, որովհետև դրանց մասին նրանց ասելով մեղքի զգացում ես սերմանում:
Այդ ամենի մյուս կողմում քո կյանքն է: Ծնող դառնալով՝ դու չես դադարում անհատ լինել: Քո շահերը, անձնական կյանքը և երազանքները պակաս կարևոր չեն, քան երեխայի մասին հոգ տանելը:
Պետք չէ ապրել միայն հանուն երեխայի, նրան դարձնել կյանքիդ իմաստը:
Սիրիր քեզ: Կյանքի կոչիր երազանքներդ, գտիր այն, ինչ հոգուդ մոտ է:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ