Վաճառողը կանգնած էր խանութի վաճառասեղանի մոտ և ցրված նայում էր դեպի փողոց։
Մի փոքրիկ աղջնակ մոտեցավ խանութին և սկսեց ուսումնասիրել ցուցափեղկին դրված իրերը։
Երբ գտավ այն, ինչ փնտրում էր, նրա աչքերը հիացմունքից փայլեցին։
Նա մտավ խանութ և խնդրեց, որպեսզի նրա հավանած փիրուզե ուլունքները մոտիկից ցույց տան։
-Ես ուզում եմ քրոջս համար ուլունքներ գնել։ Դրանց համար պատշաճ փաթեթավորում ունե՞ք,- հարցրեց աղջիկը։
Խանութի սեփականատերը կասկածամտորեն նայեց աղջկան և հարցրեց.
-Իսկ ինչքա՞ն փող ունես։
Աղջիկն իր գրպանից հանեց թաշկինակ, բացեց այն և վաճառասեղանին մի բուռ կոպեկ դրեց։ Հույսով լի ձայնով նա հարցրեց.
-Այսքանը բավակա՞ն է։
Այնտեղ կար ընդամենը մի քանի կոպեկ։ Սակայն աղջիկը ոգեշնչված շարունակում էր.
-Գիտե՞ք՝ ես ցանկանում եմ իմ ավագ քրոջը նվեր մատուցել։ Մեր մայրը շատ վաղուց մահացել է, և այդ ժամանակվանից ի վեր նա հոգում է մեր մասին։ Նա իր համար ժամանակ չի գտնում։ Այսօր նրա ծննդյան օրն է, և ես վստահ եմ, որ նա շատ կուրախանա, երբ տեսնի այդ ուլունքները. դրանք նրա աչքերի գույնին շատ համապատասխան կլինեն։
Տղամարդն արկղ բերեց, ուլունքները դրեց դրա մեջ, փաթաթեց ժապավենով և տվեց աղջկան։
-Վերցրու՛,- ասաց նա,- և զգուշությամբ կտանես։
Աղջիկը վազելով դուրս եկավ խանութից և ուրախ-ուրախ շտապեց տուն։ Աշխատանքային օրվա վերջում այս նույն խանութ մտավ մի երիտասարդ գեղեցիկ կին։ Վաճառողը միանգամից նմանություն գտավ փոքրիկ հաճախորդի, ով առավոտյան ուլունքներ էր գնել, և այս աղջկա միջև։
Նա իր պայուսակից հանեց արկղը, դրեց այն վաճառասեղանի մոտ, ապա նաև փաթեթավորված թուղթը և արձակած ժապավենը։
-Այս ուլունքներն այստեղի՞ց են գնել։ Ի՞նչ արժեն։
-Այո՜,-բացականչեց սեփականատերը,- իմ խանութում գինը որոշվում է իմ և հաճախորդի պայմանավորվածությամբ։
Աղջիկը հայտարարեց.
-Բայց իմ քույրն ընդամենը մի քանի կոպեկ ուներ։ Ուլունքներն իսկապես փիրուզե են, այդպես չէ՞։ Նրանք պետք է որ շատ թանկ լինեն։ Մենք չենք կարող մեզ այդպիսի շռայլություն թույլ տալ։
Տղամարդը մոտեցավ վաճառասեղանին, վերցրեց ուլունքները, ամենայն նրբությամբ և ջերմությամբ կրկին փաթեթավորեց, տվեց աղջկան և ասաց.
-Նա ամենաբարձր գինն է վճարել… Ավելին, քան որևէ մեծահասակ կարող էր վճարել. նա իր ամբողջ ունեցածն է տվել։
Փոքրիկ խանութում լռություն տիրեց, և աղջկա աչքերից երկու կաթիլ արցունք թափվեց. նա դողացող ձեռքերով բռնել էր փոքրիկ արկղը….
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին