Աղիները շատ կարևոր դեր են խաղում աղեստամոքսային տրակտի աշխատանքի հարցում: Դրանք պատասխանատու են սննդարար նյութերի տարրալուծման ու յուրացման համար, ուստի փաստացի այս համակարգը յուրահատուկ զտիչ է օրգանիզմի համար:
Աղիների աշխատանքի խանգարման դեպքում ի հայտ են գալիս առողջական մի շարք խնդիրներ, որոնք կարող են դրսևորվել բավական տհաճ ախտանշաններով:
zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում այն ախտանշանները, որոնք կարող են հուշել աղիների աշխատանքի հետ կապված խնդիրների մասին:
Ցավեր
Ցավն աղիների աշխատանքի խանգարման մասին վկայող ամենատարածված ախտանշանն է: Այս դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին, քանի որ հետևանքները կարող են բավական վտանգավոր լինել:
Որովայնի ստորին հատվածի սուր ցավը կարող է պայմանավորված լինել բարակ աղիների խնդիրներով, մինչդեռ աջ կամ ձախ կողմի նոպայանման ցավը խոսում է հաստ աղիքի աշխատանքի խանգարման մասին: Շատ հաճախ այս խնդիրը վկայում է աղիների դիսբակտերիոզի մասին, որը կարող է պայմանավորված լինել ինչպես սննդակարգի փոփոխություններով, այնպես էլ հորմոնալ փոփոխություններով ու հակաբակտերիալ թերապիայով:
Բացի այդ, ցավը կարող է վկայել նաև այլ հիվանդությունների մասին, ինչպիսին են գրգռված աղու համախտանիշը, հաստ աղիների բորբոքումը, խոլեցիստիտը և էնտերիտը: Սուր ցավերի դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժշկին, քանի որ հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել:
Փորափքանք
Փորափքանքը նույնպես կարող է պայմանավորված լինել աղիների հետ կապված խնդիրներով: Այս խնդիրն ուղեկցվում է մի շարք տհաճ ախտանշաններով, այդ թվում խիթով (կոլիկա), փքվածության զգացողությամբ ու գազերի կուտակմամբ: Նորմալ վիճակում օրգանիզմը պարունակում է 200-300 միլիլիտր գազ, որոնք կարող են օրգանիզմում հայտնվել սննդի հետ օդի կլմամբ կամ ծխելու հետևանքով: Սակայն գազերը կարող են վտանգավոր լինել, եթե կուտակվում են օրգանիզմում բակտերիաների աճի, ինչպես նաև աղեստամոքսային տրակտում խմորում առաջացնող սննդամթերքի գործածության հետևանքով:
Եթե խնդիրը չի կրում մշտական բնույթ, ապա դրանից կարելի է ազատվել համապատասխան դեղամիջոցների միջոցով: Բացի այդ, հարկավոր է սննդակարգից բացառել գազերի կուտակմանը նպաստող մթերքը, այդ թվում՝ կաթնամթերքը, գազավորված ըմպելիքները, կաղամբը, լոլիկները, ոլոռը, բողկն ու խաղողը:
Սակայն որոշ դեպքերում փորափքանքը վկայում է աղիների և որովանի խոռոչի օրգանների աշխատանքի խանգարման մասին: Նման ախտանշանով կարող են դրսևորվել ենթաստամոքսային գեղձի բորբոքումը, խոլեցիստիտը կամ աղիքային անանցանելիությունը, ուստի այս խնդիրը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:
Փորկապություն
Նման խնդիրների դեպքում կարող է խանգարվել նաև աղիների աշխատանքը: Աղիները շաբաթական երեք անգամից պակաս աղիները դատարկելու դեպքում մեծ է փորկապության հավանականությունը: Սա կարող է պայմանավորված լինել ինչպես սննդակարգով ու կենսակերպով, այնպես էլ սթրեսով, հակաբիոտիկների ընդունմամբ ու տարիքային փոփոխություններով:
Որպես կանոն այս խնդրից ազատվելու համար բավական է փոխել սննդակարգը, սակայն երբեմն էլ լինում է մասնագետի օգնության անհրաժեշտություն: Ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն ընդունել լուծողական միջոցներ, քանի որ դա կարող է հանգեցնել աղիների աշխատանքի խանգարման:
Արյունահոսություն
Եթե արտաթորանքի մեջ նկատվում են արյան ու լորձի հետքեր, ապա բուժզննումը չի կարելի հետաձգել, քանի որ դա կարող է պայմանավորված լինել աղիների աշխատանքի լուրջ խանգարումներով: Նման խանգարումների շարքին են դասվում թութքը, ուղիղ աղիքի ճաքերը, պոլիպները, Կրոնի հիվանդությունը և անգամ կոլոռեկտալ քաղցկեղը: Արյունահոսությունը կարող է տարբեր կերպ դրսևորվել և ուղեկցվել տհաճ ախտանշաններով (օրինակ՝ ցավով, այրոցով կամ քորով), սակայն ամեն դեպքում այն չի կարելի անուշադրության մատնել։
Փորլուծություն
Աղիների աշխատանքի խանգարման մասին կարող է վկայել նաև փորլուծությունը: Այս ախտանշանը շատ հաճախ վկայում է աղիների շարժունակության խանգարման մասին, որը կարող է պայմանավորված լինել սխալ սննդակարգով կամ սթրեսով: Սակայն կարող են լինել նաև շատ ավելի վտանգավոր պատճառներ, որոնց շարքին են դասվում բորբոքային հիվանդությունները (ինչպես ինֆեկցիոն, այնպես էլ ոչ ինֆեկցիոն բնույթի): Այս ախտանշանով են ուղեկցվում, մասնավորապես, խոլեցիստիտն ու ենթաստամոքսային գեղձի բորբոքումը:
Եթե փորլուծության ժամանակ արտաթորանքի մեջ նկատվում են արյան հետքեր, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին: Այս ախտանշանը հատկապես վտանգավոր է, եթե ուղեկցվում է սպազմներով, փսխումով ու փորափքանքով: Առավել հաճախ սա խոսում է աղիների անանցանելիության մասին, որի պատճառ կարող են դառնալ ներքին արյունահոսությունները, ուռուցքները կամ բորբոքումները:
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ