Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղը 44-օրյա պատերազմի ընթացքում 4 զոհ է տվել։ Զոհերի թվում է եղել նաև Վահե Աբրոյանը։ Զորակոչվել է հայոց բանակ 2020 թվականին, ծառայել է Արցախի Հանրապետության Ֆիզուլիի զորամասում։
Սեպտեմբերի 27-ից մասնակցել է ռազմական գործողություններին, Ֆիզուլիից մարտերով հասել է մինչև Կարմիր շուկա։
Հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայի համար մղվող մարտերում զոհվել է դեռ 19 տարին չբոլորած Վահե Աբրոյանը։ Ցուցաբերած խիզախության և քաջության համար Վահեն հետմահու պարգևատրվել է արիության մեդալով։
Վահեն Աբրոյանների ընտանիքում միակ տղա զավակն էր։ 2022 թվականի մարտի 30-ին նրանց ընտանիքում ծնվեց ևս մեկ տղա՝ Վահանը։ Թեև որդու մահից հետո Աբրոյանները չէին պլանավորել երեխա ունենալ, սակայն, նրանց խոսքով, հրաշք կատարվեց։
Վահեի հայրը՝ Կարեն Աբրոյանը, լրագրողների հետ զրույցում պատմում է, որ պատերազմ սկսվելու լուրը ստանալուց հետո՝ սեպտեմբերի 29-ին, կամավոր գնացել է Արցախ, որպեսզի հասնի տղային։ Չի կարողացել գնալ որդու մոտ, գնացել է Օմար։ Պայքարել, վիրավորվել, սակայն որդին այդ մասին չի իմացել։
«Վահես վարորդ էր։ Պատերազմի ընթացքում մի անգամ զանգել ու ասել է, որ շրջափակման մեջ են, մատաղ արեք։ Մայրը մատաղ է արել ու փրկվել են։ Ասել է՝ հայրս երկու պատերազմի է մասնակցել, գիտեմ, որ չպետք է կանգնել ականանետի տակ ու բոլորին փրկել է այդպես։ Հոկտեմբերի 28-ին զանգել են ու ասել, որ երեխան էլ չկա։ Գորիս եմ գնացել ու գտել եմ տղայիս։ ԱԹՍ-ի հարվածից է զոհվել։ Կռվեց մինչև վերջ։ Ես էլ գնացի ու պայքարեցի, բայց չհասա որդուս…
Բայց հրաշք կատարվեց։
Իհարկե, սպին կմնա, բայց այս փոքրիկը կփոխի մեր կյանքը, ապրելու իմաստ կտա։ Ամեն ինչից հույսս կտրել էի։ Աստծո կամքով այս հրաշքը կատարվեց։ Անունը Վահան ենք դրել, քանի որ Վահես եկավ երազիս ու ասաց, որ Վահան դնենք՝ «զաչիտա»։ Նման է եղբորը։ Վահես մարմնով չկա, հոգին լրիվ այս երեխայի մեջ է»,- ասում է Կարեն Աբրոյանը։
Նա համոզված է, որ Վահանը շարունակելու է եղբոր կիսատ թողած գործը, իրենց թիկունքին վահան է լինելու։
Մայրը՝ Երանուհի Բաղդասարյանը, պատմում է, որ պլանավորած չի եղել հղիությունը, սակայն երբ իմացել են, որ կրկին որդի են ունենալու, կյանքը նոր իմաստ է ստացել։ Իսկ արդեն որդու ծնվելուց հետո չի կարող բացատրել, թե ինչ զգացողություն ունի։
«Վահեիս է նման։ Աչքերը որ բացում է, նույն խոժոռ հայացքն է։ Քաշն ու հասակը՝ 3 կգ 400 գրամ, 50 սմ, նույն Վահեիս նման։ Վահեն մի քիչ թուխ էր, Վահանս ավելի սպիտակամորթ է։ Որ գրկում եմ, գիտեմ Վահես է, բայց, իհարկե, Վահեին չի փոխարինի»,- ասում է տիկին Երանուհին։
Վահանի 18 և 12 տարեկան քույրերն անհամբեր սպասում են նրա հետ առաջին հանդիպմանը։ Իսկ նորաթուխ ծնողները բոլորին խորհուրդ են տալիս շատ բալիկներ ունենալ։
«Զինվոր է ծնվել։ Մեր ծուխը շարունակվեց»,- անընդհատ կրկնում է Կարեն Աբրոյանը, ով ամեն օր երազում տեսնում է անմահացած որդուն՝ Վահեին, ով ուժ է տալիս իրեն շարունակել ապրել իր քույրերի ու նորածին եղբոր համար։
Տիկին Երանուհին էլ ասում է, որ որդին թեև իր հետ չէ, բայց ամեն քայլափոխի զգում է նրա ներկայությունը, իր հետ քայլում է, դժվարություններ հանդիպելիս օգնում է իրեն, կարծես ուժ տալիս։
«Վահես իր բնավորությամբ շատ համեստ էր։ Միշտ ասում էր՝ ինձ հետ թող իմ մարդ տեսակի համար ընկերություն անեն, ոչ թե գրպանիս պարունակություն»,- ասում է նա։
39 տարեկան Երանուհին հղիության վեջին շրջանում խնդիրներ է ունեցել, Մարտունու ծննդատնից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատուն: Ավագ մանկաբարձ, գինեկոլոգ Արամ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասում է, որ հոսպիտալացրել են բարձր ռիսկի հղիների բաժանմունքում, համապատասխան բուժում է ստացել, անցել է որոշակի հետազոտություններ և հնարավոր է եղել հասնել հասուն ժամկետի և կինը ծննդաբերել է բնական ճանապարհով։ Ծննդկանի, նորածնի վիճակը բավարար է։
«Շատ հավասարակշռված են ծնողները։ Ինքս հիացած եմ իրենց պահվածքով։ Այն, ինչի միջով իրենք են անցել, ինչեր են տեսել, ես ուղղակի հիացած եմ այս մարդկանցով»,- նշում է բժիշկ Ղուկասյանը։
Նա ասում է, որ 44-օրյա պատերազմից հետո ավելի հաճախակի են դարձել դեպքերը, երբ 40-43 տարեկան կանայք նորից մայրանում են, հատկապես նրանք, ովքեր կորցրել են իրենց միակ տղա զավակին։
Աղբյուր` Panorama.am