Անեմիան կամ սակավարյունություն հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ հեմոգլոբինի և/կամ էրիթրոցիտների մակարդակի նվազմամբ:
Անեմիայի առաջացման հիմնական պատճառներն են.
Սննդակարգը. անեմիայի պատճառ կարող է դառնալ երկաթով, B12 վիտամինով, ֆոլաթթվով և C վիտամինով հարուստ սննդամթերքի պակասը:
Ոսկրածուծում էրթրեցիտների արտադրման խանգարումը. այս դեպքում անեմիային կարող են ուղեկցել երիկամների հիվանդությունները, սպիտակուցային հյուծումը, էնդոկրինային անբավարարությունը, քրոնիկ վարակները և օնկոլոգիական հիվանդությունները:
Հեմոլիզ. սա էրիթրոցիտների կյանքի տևողության կրճատումն է: Որպես կանոն էրիթրոցիտներն «ապրում» են 4 ամիս, սակայն որոշ ախտաբանական գործընթացների հետևանքով դրանք կարող են շատ ավելի շուտ ոչնչանալ: Հեմոլիզի հիմնական պատճառը էրիթրոցիտների ֆունկցիայի խանգարումն է կամ դրանց արատը: Որոշ դեպքերում հեմոլիզի պատճառ կարող են դառնալ նույնիսկ փայծաղի ախտաբանությունները:
Աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումներ (ներծծման գործընթացի խանգարում). երկաթի ներծծումը տեղի է ունենում ստամոքսում կամ բարակ աղիքի վերին հատվածում, ուստի այդ գործընթացի խանգարման դեպքում առաջանում է սակավարյունություն:
Քրոնիկ արյան կորուստ. սա անեմիայի գլխավոր պատճառներից մեկն է (աղեստամոքսային արյունահոսություն, քթից արյունահոսություն, արգանդային արյունահոսություն և այլն):
Անեմիայի դասակարգումը
- Երկաթդեֆիցիտային անեմիա. հիմնական պատճառը երկաթի պակասն է կամ դրա կորուստը արյունահոսության հետևանքով: Սակավարյունության այս տեսակը հաճախ առաջանում է հղիության ժամանակ:
- Հեմոլիտիկ անեմիա. առաջանում է էրիթրոցիտների հեմոլիզի հետևանքով: Կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով (աուտոիմունային հիվանդություններ, սթրես, թունավորում և այլն):
- Պերինիցիոզ անեմիա (անեմիա վիտամին B12 պակասորդային). անեմիայի այս տեսակը զարգանում է վիտամին B12 դեֆիցիտի հետևանքով, իսկ այդ վիտամինն անհրաժեշտ է էրիթրոցիտների զարգացման, ինչպես նաև նյարդային համակարգի անխափան աշխատանքի համար: Այս տեսակը հաճախ առաջանում է տարեցների մոտ, աղեստամոքսային տրակտի օրգանների հիվանդությունների դեպքում, ինչպես նաև մակաբույծների առկայության հետևանքով:
- Մանգաղաբջջային անեմիա. բավականին բարդ ժառանգական հիվանդություն է, որի դեպքում էրիթրոցիտներն ունենում են մանգաղի տեսք, ինչը հետևանքով էլ առաջանում է անեմիա ու դեղնախտ, ինչպես նաև դանդաղում է արյան հոսքը:
- Ապլաստիկ անեմիա. այս դեպքում ոսկրածուծում նկատվում է արյան բջիջներ արտադրող հյուսվածքների պակաս, ինչն էլ հանգեցնում է սակավարյունության:
- Բնածին սֆերոցիտար անեմիա. սա սակավարյունության ժառանգական տեսակն է, որի դեպքում էրիթրոցիտները շատ արագ քայքայվում են, առաջանում է դեղնախտ, փայծաղը մեծանում է և ի հայտ է գալիս լեղաքարային հիվանդություն:
- Հղիության ժամանակ առաջացող անեմիա. մեծ մասամբ սա պայմանավորված է լինում երկաթի պակասով:
- Դեղորայքային անեմիա. առաջանում է որոշ դեղամիջոցների ընդունման հետևանքով (դեղամիջոցներ մալարիայի դեմ, ասպիրին և այլն):
Կախված արյան մեջ հեմոգլոբինի մակարդակից՝ տարբերվում է անեմիայի ծանրության երեք աստիճան.
- Թեթև. հեմոգլոբինի մակարդակը նորմայից ցածր է, բայց ոչ պակաս, քան 90 գ/լ-ը:
- Միջին. հեմոգլոբինը 90-70 գ/լ է:
- Ծանր. հեմոգլոբինի քանակը քիչ է 70 գ/լ-ից։
Անեմիայի հիմնական ախտանշանները
Անեմիայի ախտանշանները կախված են դրա տեսակից, սակայն կան նաև այնպիսի ախտանշաններ, որոնք ընդհանուր են բոլոր տեսակների համար: Դրանց շարքին են դասվում հետևյալները.
- Թուլություն, աշխատունակության անկում,
- Հոգնածություն, դյուրագրգիռություն, քնկոտություն (առանց որևէ պատճառի),
- Գլխացավեր, ականջներում լսվող աղմուկ, աչքերի առջև սև կետերի առկայություն, գլխապտույտներ,
- Դիզուրիկ խանգարումներ,
- Գեոֆագիա (կավիճ կամ հող ուտելու ցանկություն),
- Հևոց, որն առաջանում է նույնիսկ հանգստի ժամանակ կամ թեթև ֆիզիկական ակտիվությունից հետո,
- Մազերի, մաշկի և եղունգների տրոֆիկ խանգարումներ,
- Ցավեր սրտի հատվածում, որոնք նման են ստենոկարդիայի ժամանակ առաջացող ցավին,
- Ուշագնացություններ, նախաուշագնացային վիճակ,
- Մկանային թուլություն, մարմնի ցավեր:
Սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող տարեցների մոտ անեմիայի դեպքում ստենոկարդիայի նոպաները սկսում են ավելի հաճախակի բնույթ կրել՝ նույնիսկ քիչ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում:
Անեմիայի տարբեր տեսակներին բնորոշ ախտանաշանները
- Երկաթդեֆիցիտային անեմիայի դեպքում հիվանդների մոտ կարող է նկատվել պարորեքսիա (սառույց, թուղթ, հող ուտելու ցանկություն): Բացի այդ, այս հիվանդությանը հատուկ է եղունգների փոսընկածությունը, լեզվի բորբոքումն ու բերանի անկյունների ճաքերը:
- Պերինիցիոզ անեմիան բնորոշվում է վերջույթներում ծակծկոցի զգացողությամբ, անկայուն քայլվածքով, շարժումների կաշկանդվածությամբ, շոշափելիության թուլացմամբ, մտավոր կարողությունների թուլացմամբ, պարբերաբար ի հայտ եկող հալյուցինացիաներով: Առավել ծանր դեպքերում կարող է առաջանալ նաև պարանոյա և նույնիսկ շիզոֆրենիա:
- Կապարային թունավորման հետևանքով առաջացած անեմիայի դեպքում հիվանդի մոտ առաջանում են մուգ կապույտ գծեր լնդերի վրա, ինչպես նաև որովայնային ուժեղ ցավեր և սրտխառնոց:
- Էրիթրոցիտների քրոնիկ քայքայման դեպքում առաջանում է դեղնախտ, մեզը ձեռք է բերում կարմիր երանգ, ոտքերը պատվում են խոցերով: Այս հիվանդությամբ տառապող երեխաների զարգացումը սովորավար դանդաղում է: Հաճախ ախտաբանությունն ուղեկցվում է լեղաքարային հիվանդությամբ:
- Մանգաղաբջջային անեմիան որպես կանոն ուղեկցվում է թուլությամբ, ինչպես նաև հոդերի և որովայնի խոռոչի նոպայանման ցավերով:
Ինչպես պետք է հիվանդը պայքարի սակավարյունության դեմ
Անեմիայի դեպքում հիվանդները պետք է իրենց սննդակարգը հարստացնեն կանաչ բանջարեղենով, կանաչեղենով և հացահատիկներով՝ օրգանիզմն անհրաժեշտ քանակությամբ երկաթով ու ֆոլաթթվով հագեցնելու համար:
Բացի այդ, հարկավոր է հրաժարվել կոֆեին պարունակող ըմպելիքներից՝ հատկապես ուտելու ընթացքում, քանի որ կոֆեինը խանգարում է երկաթի ներծծմանը:
Անեմիայի ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անմիջապես խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ հիվանդությունը ժամանակին ախտորոշելը շատ մեծ նշանակություն ունի և կօգնի հետագայում առանց բարեհաջող բուժում իրականացնել և խուսափել բարդություններից: Մասնագետը կվերլուծի անամնեզը և կնշանակի անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները՝ այդ թվում նաև արյան անալիզը:
Անեմիայի բուժումը
Անեմիայի բուժումը կախված է դրա տեսակից և հիվանդության առաջացման պատճառներից: Օրինակ՝ երկաթդեֆիցիտային անեմիայի դեպքում կիրառվում են երկաթ պարունակող դեղանիջոցներ, իսկ հիվանդության առաջացման պատճառը պարզելուց հետո միջոցներ են ձեռնարկվում նաև դրանցից ազատվելու ուղղությամբ:
Եթե անեմիան պայմանավորված է B12 վիտամինի դեֆիցիտով, ապա սովորաբար նշանակվում են այդ վիտամինի ներարկումներ:
Երեխաների մոտ առաջացած անեմիան, որի պատճառ կարող են դառնալ մակաբույծները, հարկավոր է բուժել հակամակաբուծային թերապիայի միջոցով:
Ուժեղ արյունահոսության դեպքում շատ հաճախ նշանակվում է արյան փոխներարկում:
Հղի կանանց մոտ անեմիայի կանխարգելման ու բուժման համար բժիշկները սովորաբար նշանակում են երկաթ պարունակող դեղամիջոցներ և ֆոլաթթու:
Բարդություններ անեմիայի դեպքում
Երկաթդեֆիցիտային սակավարյունությունը հատուկենտ դեպքերում կարող է հանգեցնել հիպօքսիկ կոմայի: Այս դեպքում հիվանդությունն անուշադրության մատնելը կամ ուժեղ արյունահոսությունը կարող են հանգեցնել մահվան:
Սակավարյունության կանխարգելումը
Սակավարյունությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել երկաթով հարուստ սննդամթերք (ամբողջահատիկ հաց, լոբազգիներ, կանաչ բանջարեղեն, կանաչեղեն, հազարի թերթիկներ, կարմիր անյուղ միս): Բացի այդ, հարկավոր է խուսափել տոքսիկ նյութերից, նավթամթերքից, քիմիական նյութերից և այլ վտանգավոր տարրերից, որոնք կարող են դառնալ ոչ միայն սակավարյունության, այլև մի շարք այլ վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ