
Կոկորդի քաղցկեղը, ինչպես և ցանկացած այլ օնկոլոգիական հիվանդություն, շատ վտանգավոր է և ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող է տարածվել ու ախտահարել նաև այլ օրգանները՝ հանգեցնելով մահվան, ուստի այս հիվանդության մասին հուշող ախտանշաններն իմանալը շատ կարևոր է։
Նման խնդիրներից խուսափելու համար բրիտանական Macmillan Cancer Support կազմակերպության մասնագետները ներկայացրել են կոկորդի քաղցկեղի մասին հուշող հիմնական ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։
Ինչպես գրում է Express պարբերականը, կոկորդի քաղցկեղն ընդհանուր տերմին է, որով բնութագրվում են տարատեսակ նորագոյացությունները, որոնք ախտահարում են վահանաձև գեղձը, կերակրափողը կամ շնչափողը։ Սա է պատճառը, որ ախտանշանները կարող են տարբեր լինել՝ կախված ախտահարված օրգանից։
Վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում չարորակ նորագոյացությունը տեղակայված է լինում պարանոցի առջևի հատվածում՝ ձայնային ապարատից մի փոքր ներքև։ Այս հիվանդության մասին հուշող առավել տարածված ախտանշանը շոշափելի նորագոյացությունն է, որը չի առաջացնում տհաճ զգացողություններ, սակայն աստիճանաբար մեծանում է։
Կերակրափողի քաղցկեղի մասին հաճախ հուշում է կլման ակտի դժվարացումը, որի դեպքում հիվանդին թվում է, թե սնունդը մնում է կոկորդում կամ կերակրափողում ու կուլ չի գնում։ Այս հիվանդության դեպքում քաղցկեղը կարող է լինել երկու տեսակի՝ տափակաբջջային կամ ադենոմակարցինոմա, ուստի ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագետին ու պարզել նաև ուռուցքի տեսակը ճիշտ բուժումն սկսելու համար։
Շնչափողի քաղցկեղին բնորոշ են մի շարք ախտանշաններ, որոնց շարքին են դասվում կրկնվող հևոցը, արյունոտ հազը, սուլոցով կամ արտասովոր ձայներով ուղեկցվող շնչառությունը, ձայնի խռպոտությունը, կլման ակտի դժվարացումը, տենդը, դողն ու կրծքավանդակի հաճախակի բնույթ կրող վարակները։
Ուռուցքաբանները պնդում են, որ այս ախտանշանները կարող են պայմանավորված լինել նաև այլ խնդիրներով, սակայն դրանց առկայության դեպքում այնուամենայնիվ հարկավոր է դիմել բժշկին ու բուժզննում անցնել։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ