
Ուժեղ կին
Սա այն կինն է, որը վճռական խառնվածք ունի։ Ոչ թե չար կամ դաժան, այլ հենց վճռական։ Մարդ, ով ունի սկզբունքներ, համոզմունքներ ու կամքի ուժ, որը թույլ է տալիս հաղթահարել ցանկացած անախորժություն։ Ով ընկնելիս միշտ ոտքի է կանգնում։ Այդ իմաստով տղամարդու համար լավ է, երբ նրա կողքին ուժեղ կին է, քանի որ նման կինը չի արտասվի, եթե դուք հիվանդանաք, նա ձեզ կբուժի ու կանի այն ամենն, ինչ իր ուժերի սահմանում է։ Նա չի սղոցի, որ փող չկա, եթե դուք կորցնեք ձեր աշխատանքը, այլ ինքը կգնա աշխատելու։ Նա երեխաներին արժանավայել կդաստիարակի՝ անկախ նրանից, դուք նրա կողքին եք, թե՞ տարիներով գործուղման եք մեկնում։
Անկախ կին
Տղամարդկանց համար ամենացավոտ բառակապակցությունը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ տղամարդկանց մեծ մասը, որպես կանոն, ծանր է տանում կանանց անկախությունը։ Մինչդեռ անկախ կինն առավելություն պետք է լինի տղամարդու համար։ Նա անընդհատ ձեր վզից չի կախվի ու ինչ-որ բան խնդրի։ Նա անդադար փող չի ուզի, քանի որ դրա կարիքը չի ունենա։ Իր վերաբերմունքը ձեր նկատմամբ նվերներով կամ փողով չի պայմանավորի։ Եթե նա ձեզ հետ է, կարող եք վստահ լինել, որ նա սիրում է ձե՛զ, այլ ոչ թե ձեր բանկային հաշիվը կամ ունեցվածքը։ Նրա ընտրության ազատությունը ձեզ վախեցնում է, սակայն հենց դա պետք է ձեզ վստահություն ներշնչի. չէ՞ որ եթե նման կինը ձեր կողքին է, ուրեմն դուք նրա համար լավագույնն եք:
Ինքնաբավ կին
Ինքնաբավությունը սովորաբար «անկախության» հոմանիշն է ընկալվում։ Մինչդեռ դրանք նույն բաները չեն։ Ցանկացած հոգեպես հասուն մարդ պետք է ինքնաբավ լինի։ Դա չի նշանակում, որ նրան պետք չէ սոցիումը, դա նշանակում է լիարժեք, կայացած անձնավորություն։ Մարդ, որը գիտակցել է իր եթե ոչ բոլոր բարդույթները, ապա դրանց մեծ մասը։ Մարդ, որը ճանաչում է ինքն իրեն, ու կարող է հեշտ ու ազատ խաղալ՝ դիմակները փոխելով, կամ էլ ապրել առանց որեւէ դիմակի։
Մարդ, որին երջանկության համար պետք չէ մեկ ուրիշի ներկայությունը։ Ուրիշը կարող է ավելի խորը ու հագեցած դարձնել նրա երջանկությունը, բայց ոչ թե պայմանավորել՝ նա երջանիկ, թե՞ դժբախտ կլինի։ Ինքնաբավ կինը երբեք սիրային կախման մեջ չի հայտնվի ու իր պարզաբանումներով տղամարդուն չի տանջի։ Նա պարզապես դրա կարիքը չի զգա։ Եթե նա ձեզ է ընտրել, ուրեմն ձեզ հետ նա իրեն լավ է զգում։ Միասին ձեզ համար ավելի հեշտ կլինի։ Միայն ինքնաբավ մարդկանց միջեւ է հնարավոր իսկական ՍԵՐ։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ