
Օմեգա-3 ճարպաթթուները բջջային թաղանթների կարևոր բաղադրիչ են, պայքարում են բորբոքումների դեմ, օգտակար են սրտի, արյունատար անոթների և նյարդային համակարգի աշխատանքի համար:
Այն պնդումը, որ ճարպը վնասակար է, վաղուց հնացել է: Ճարպերը նույնքան կարևոր են օրգանիզմի բնականոն գործունեության համար, որքան սպիտակուցներն ու ածխաջրերը։
Այս բաղադրիչներից որևէ մեկի բացակայությունը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների: Այնուամենայնիվ, ճարպերը տարբեր են, և ոչ բոլորն են հավասարապես օգտակար:
Ի՞նչ պետք է իմանալ օմեգա-3 ճարպաթթուների և օրգանիզմի վրա դրանց ազդեցության մասին:
Հատկապես օգտակար են համարվում ճարպերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ չհագեցած ճարպաթթուներ։ Խորհուրդ չի տրվում օգտագործել մեծ քանակությամբ հագեցած ճարպաթթուներ, դա կարող է հանգեցնել արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի և աթերոսկլերոզի, ինսուլտի ու սրտի կաթվածի ռիսկի բարձրացման:
Չհագեցած ճարպաթթուներն օգտակար են սրտի համար և համարվում են առողջ սննդակարգի կարևոր բաղադրիչ:
Թերևս դրանցից ամենահայտնին օմեգա-3 ճարպաթթուներն են: Մեր օրգանիզմն ի վիճակի չէ սինթեզել դրանք, և, հետևաբար, շատ կարևոր է, որ օրգանիզմն այդ թթուներով համալրվի սննդի միջոցով։ Այդ թթուներից առավել շատ պարունակում են ծովային ձկները, ծովամթերքը, ձողաձկան լյարդը, ձիթայուղը, սոյան և դրանով պատրաստված մթերքները:
Ինչու՞ են մեր օրգանիզմին անհրաժեշտ օմեգա-3 ճարպաթթուները
Այս թթուները բջջային թաղանթների կարևոր բաղադրիչ են, պայքարում են բորբոքումների դեմ, բացի այդ, դրանց առկայությունն օրգանիզմում օգտակար է սրտի, արյունատար անոթների և նյարդային համակարգի աշխատանքի համար։
Դեռևս 1980-ականներին պարզվել է, որ գրենլանդացիները, ովքեր շատ են ուտում ծովային ձուկ, ավելի քիչ են բախվում սրտանոթային հիվանդությունների հետ: Նման պատկեր է նկատվել նաև այլ երկրներում, որոնց բնակիչները շաբաթական մի քանի անգամ ձուկ են ուտում, օրինակ, Ճապոնիայում և Նիդեռլանդներում։
Հետագա ուսումնասիրությունները հաստատել են օմեգա-3 ճարպաթթուների օգուտները սրտի և արյունատար անոթների համար. դրանք կարող են նվազեցնել թրոմբոզի ռիսկը, արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակը, արգելակել աթերոսկլերոտիկ վահանիկների ձևավորումը, կանխել առիթմիաների զարգացումը և նվազեցնել արյան ճնշումը:
Նրանք, ովքեր իրենց սննդակարգում ունեն բավարար քանակությամբ ճարպաթթուներ, ավելի քիչ հավանական է, որ ունենան սրտի կաթվածներ, ինսուլտներ, կորոնար անոթային հիվանդություններ և սրտի հետ կապված այլ լուրջ խնդիրներ:
Օմեգա-3 ճարպաթթուները կարևոր են նաև նյարդային համակարգի բնականոն գործունեության համար՝ լավ հիշողություն, կենտրոնանալու, տարբեր իրավիճակներում լուծումներ գտնելու ունակություն: Գիտնականները պարզել են, որ սննդակարգում օմեգա-3 ճարպաթթուների պակասը զգալիորեն նվազեցնում է ճանաչողական կոգնիտիվ գործառույթները:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ