Լյարդը մարդու կարևորագույն օրգաններից մեկն է, որի ախտահարումը կարող է բավական լուրջ խնդիրներ առաջացնել ու վտանգել մարդու կյանքը։ Այն որովայնի վերին աջ հատվածում գտնվող խոշոր օրգան է, որն օգնում է մարսել սնունդը և ազատվել օրգանիզմում կուտակվող տոքսիկ նյութերից։ Սա է պատճառը, որ դրա առողջության պահպանումն այդքան կարևոր է։
Լյարդի հիվանդությունները կարող են լինել ժառանգական կամ զարգանալ արտաքին գործոնների, այդ թվում նաև վիրուսների, ալկոհոլի գործածության կամ ճարպակալման զարգացման հետևանքով։ Ժամանակի ընթացքում լյարդի ախտահարումները կարող են հանգեցնել օրգանի հյուսվածքների սպիացման, ֆիբրոզի կամ ցիռոզի զարգացման, ինչն էլ կարող է դառնալ կյանքի համար վտանգավոր լյարդային անբավարարության զարգացման պատճառ։
Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին ախտորոշել խանգարումն ու միջոցներ ձեռնարկել, մինչդեռ ոչ բոլորին են հայտնի, թե ինչ դրսևորումներ կարող է ունենալ լյարդի ախտահարումը, ուստի մասնագետները ներկայացրել են այն հիմնական ախտանշանները, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու բուժզննում անցնել։
Օրգանիզմում հեղուկի կուտակում
Ոտքերի ու որովայնի այտուցները լյարդի վատ վիճակի մասին հուշող ամենավառ ախտանշաններից են, որոնք նկատվում են ցիռոզով՝ լյարդի ամենավտանգավոր հիվանդություններից մեկով հիվանդների կեսի մոտ։ Հյուսվածքներում հեղուկի կուտակումը նման դեպքերում պայմանավորված է լինում լյարդում ալբումին սպիտակուցի արտադրման խանգարմամբ։
Աչքերի, մաշկի ու մեզի գույնի փոփոխություն
Եթե մաշկն ու աչքերի սպիտակուցային թաղանթը դեղնավուն երանգ են ստանում, իսկ մեզը սովորականից մուգ գույն է ունենում, հարկավոր է հնարավորինս շուտ բուժզննում անցնել։ Նման փոփոխութոյւնները պայմանավորված են լինում արյան մեջ բիլիռուբինի՝ էրիթրոցիտների տարրալուծման արդյունքում առաջացող պիգմենտի բարձր մակարդակի հետևանքով։ Առողջ լյարդը կլանում է բիլիռուբինն ու վերածում է այն լեղու՝ կղանքի հետ դուրս բերելով օրգանիզմից, մինչդեռ լյարդի աշխատանքի խանգարման դեպքում բիլիռուբինը կուտակվում է օրգանիզմում՝ հանգեցնելով նման անսպասելի փոփոխությունների։
Մտքերի խառնաշփոթ ու քնկոտություն
Մտքերի խառնաշփոթն ու քնկոտությունը կարող են պայմանավորված լինել լյարդային էնցեֆալոպաթիայով՝ գլխուղեղի գործառույթների խանգարմամբ, որը տեղի է ունենում երբ լյարդը չի կարողանում ինչպես հարկն է մաքրել արյունը տոքսիններից։ Այս խնդիրը կարող է անսպասելի ի հայտ գալ կամ զարգանալ բավական դանդաղ ու երկար ժամանակահատվածում։
Արյունահոսություն
Փսխուկի կամ կղանքի մեջ նկատվող արյան հետքերը, ինչպես նաև ռեկտալ արյունահոսությունը ևս կարող են հուշել լյարդի ախտահարման մասին։ Նման խանգարումները կարող են լինել լյարդի ցիռոզի ախտանշան, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։
Լյարդի ախտահարման մասին հուշող մյուս հավանական ախտանշանների շարքին են դասվում մաշկային քորը, քրոնիկ հոգնածությունը, սրտխառնոցը, ախորժակի կորուստը և հաճախակի ի հայտ եկող կապտուկները, ուստի դրանք ևս չի կարելի անտեսել։
Գիտնականներն ընդգծում են, որ որովայնի վերին հատվածի ցավերի կամ վերոնշյալ ախտանշաններից որևէ մեկի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու բուժզննում անցնել հնարավոր հետևանքներից խուսափելու համար։
Փորձագետները հիշեցնում են, որ սուր լյարդային անբավարարությունը կարող է շատ արագ զարգանալ անգամ առողջ մարդու մոտ՝ վտանգելով նրա կյւանքը։ Հաշվի առնելով, թե ինչպիսի վտանգավոր հետևանքներ այն կարող է ունենալ, հարկավոր է անպայման ժամանակին դիմել բժշկին։ Ընդ որում՝ մասնագետի հետ հարկավոր է խորհորդակցել անգամ հոգեվիճակի, անհատականության կամ վարքագծի փոփոխությունների դեպքում, քանի որ դրանք ևս կարող են պայմանավորված լինել լյարդի ախտահարմամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ