104 արցախցի մեկ հարկի տակ. ինչպես են ապրում բռնի տեղահանվածները Արտաշատի մարզադպրոցում (Photo)

Ավելի քան մեկ շաբաթ է` Արտաշատ քաղաքի կենտրոնում գործող մարզադպրոցի դահլիճի գործառույթը լիովին փոխվել է։

Դահլիճում սպորտային պարագաների փոխարեն մահճակալներ են դրված, հանդերձարանն էլ վերակահավորվել ու սանհանգույց է դարձել։

Դահլիճում` մեկ հարկի տակ, Արցախից բռնի տեղահանված 104 մարդ է ապրում, որոնցից 31–ը` անչափահաս։ Այստեղ նրանք են, ովքեր մինչև հիմա չեն կարողացել տուն գտնել։

Միասնական կացարան ստեղծելու գաղափարը ծնվել է, երբ «Բռունցք 2020» և «Սմարթ Արմենիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բռնի տեղահանության առաջին օրերին դեռ Գորիսում նկատել են, որ բազմաթիվ մարդիկ մնացել են առանց կացարանի։

«Գորիսում տեղական ինքնակառավարման մարմիններն ասացին` կացարանի կարիք չկա, հասցնում ենք։ Վայքում համապատասխան մեծ տարածք չկար։ Արձագանքեցին Արտաշատի համայնքապետարանից, համագործակցեցինք ու ընդամենը 20 ժամում բացեցինք այս կացարանը»,– պատմում է «Սմարթ Արմենիա» բարեգործական ՀԿ–ի նախագահ Արման Նալբանդյանը։

Կազմակերպչական հարցերում նրանց օգնեցին կամավորները` Արտաշատի դպրոցների աշակերտները, ձեռքից եկածն արեցին` առանց տրտնջալու։ ՀԿ–ներն առցանց դրամահավաքի շնորհիվ կարողանում են նաև օրական 3-անգամյա տաք սննդով ու հիգիենայի պարագաներով ապահովել տեղահանվածներին։

Մարզադահլիճում առաջինը տեղավորվեց Գրիգորյանների ընտանիքը` մայրը, հայրն ու 8 երեխաները, որոնցից 7–ը` անչափահաս։ Երկուսը մանկական ուղեղային կաթված ունեն, մեկը` նաև էպիլեպսիա։

Ստեփանակերտում էին ապրում, երկհարկանի տանը։ Տարհանվելուց տիկին Մարինեն հասցրել է միայն երեխաների համար անհրաժեշտ մի քանի հագուստ վերցնել ու մսաղացը, որ կարողանա հիվանդ երեխաների համար անհրաժեշտ ուտելիք պատրաստել, և ճամփա են ընկել։
«Էլի կհարմարվենք»,– ասում է նա, բայց նեղսրտում է, որ Ստեփանակերտում է թողել ամենաթանկը` 44-օրյա պատերազմում զոհված որդու շիրիմը։

Երեխաները վերջին անգամ դպրոց են գնացել սեպտեմբերի 19-ին։ Ծնողները չեն շտապում մոտակա դպրոց ուղարկել։ Սպասում են, որ հիմնական տուն գտնեն (վերջին տվյալներով` Արցախից բռնի տեղահանված, դպրոցական տարիքի երեխաների միայն 38 տոկոսն է դպրոց հաճախում ՀՀ–ում)։

«Պիտի տան հարցը լուծենք, հետո դպրոցի։ Որտեղ գնում ենք, պայմանները ահավոր են` կա՛մ տանիքն է փլված, կա՛մ պատուհան չկա, ու դրա համար 100 000 դրամ են ուզում, ո՞նց մնանք այնտեղ»,–ասում է Մարինեն։

Նույն խնդրին է բախվել նաև մասնագիտությամբ թարգմանչուհի Մարիաննա Բաղրյանը։ Արդեն մի քանի անգամ Արտաշատից մոր հետ եկել է Երևան, բայց վարձով տրվող բնակարանների պայմաններն այնքան վատն են եղել, որ ստիպված վերադարձել են կացարան։

«Գնում ենք տներ, ո՛չ գազամատակարարում կա, ո՛չ նորմալ սանհանգույց, ո՛չ խոհանոց»,– պատմում է նա։
Տան հայրը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ է զոհվել։ Մայր ու աղջիկ արդեն երկրորդ անգամ են տեղահանվում։ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում էին ապրում, երբ 44–օրյա պատերազմի ժամանակ գյուղն անցավ թշնամու վերահսկողության տակ։ Տեղափոխվեցին Ստեփանակերտ։

«Կարծես երկրորդ անգամ նույն դժոխքի միջով անցնենք… Այն անգամ տուն ու տեղ թողեցինք, դուրս եկանք, Ստեփանակերտում ամեն ինչ սկսեցինք զրոյից ու հիմա կրկին մնացինք առանց ոչնչի…»։

Արտաշատի համայնքապետարանում այսպիսի 10 կացարան կա։ Դրանց համար հարմարեցվել են չգործող մշակույթի տները, դպրոցները, մարզադպրոցներն ու մանկապարտեզները։ Համայնքապետարանում վստահեցնում են` դեռևս ոչ մի հայտ չեն մերժել։

«Որպեսզի մարդիկ դրսում չմնան ու սնունդ ունենան, ժամանակավոր կացարաններ ենք ստեղծել։ Հիմա արդեն անցնում ենք միջնաժամկետ ծրագրի ու փորձում ենք վարձակալությամբ տներ գտնել նրանց համար, ովքեր դեռ կացարաններում են, հետո արդեն կանցնենք ինտեգրման հարցերին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին Արտաշատի համայնքապետարանից։
Բարեգործական կազմակերպություններն էլ են խոստանում` կաշխատեն, քանի դեռ գեթ մեկ արցախցի ունի դրա կարիքը:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Երեխային արյուն է պետք !!! Տարածեք
Գեղարքունիքի մարզում 13-ամյա աղջնակի են բռնաբարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Իրանը հարձակվել է Իսրայելի վրա
Հրաշալի լուր․ Վայոց ձորի մարզում սև անգղի բույն է հայտնաբերվել (Photo)
Ինչպես է պայթում Արշակունյաց պողոտայի արագաչափը (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը