Երբ մի քանի տարի առաջ, 90 տարեկան հասակում մահացավ իմ Զելդա տատիկը, նա ինձ թողեց իր տնից մի տուփ իրեր, որոնք նա գիտեր, որ կգնահատեմ հետագայում, երբ մեծանամ: Ի թիվս այլ բաների, կար մի հին կաշվե մատյան, որին նա տվել է շատ դիպուկ անուն՝ «Ոգեշնչման մատյան»։
Իր կյանքի երկրորդ կեսին նա այս մատյանում գրի է առել իր գաղափարները, մտքերը, մեջբերումները, բառերը և այլ բաներ, որոնք իրեն հուզել են: Երբ ես մեծացա, նա ինձ համար կարդում էր հատվածներ այս մատյանից, և ես լսում ու հարցեր էի տալիս: Ես անկեղծորեն հավատում եմ, որ այն իմաստության մի մասը, որն ունեմ ես հիմա, նա է փոխանցել ինձ, երբ ես երիտասարդ էի:
Այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսվել այդ ոգեշնչող հատվածներից մի քանիսով: Ես հնարավորինս ամեն ինչ արել եմ բովանդակությունը 12 կետի մեջ տեղավորելու, խմբագրելու և կազմելու համար:
Վայելե՛ք։
1. Շնչեք ապագան, արտաշնչեք անցյալը
Անկախ նրանից, թե որտեղ եք դուք կամ ինչի միջով պետք է անցնեք, միշտ հավատացեք, որ թունելի վերջում լույս կա: Երբեք մի սպասեք, ենթադրեք կամ պահանջեք: Պարզապես արեք այն, ինչ կարող եք անել, և թող մնացածը լինի այնպես, ինչպես կլինի: Որովհետև հենց անեք այն, ինչ կարող եք, տեղի կունենա այն, ինչ պետք է լինի, կամ կտեսնեք հաջորդ քայլը, որ պետք է անել:
2. Կյանքը կարող է ավելի պարզ լինել
Ուղղակի կենտրոնացեք մի բանի վրա: Պետք չէ ամեն ինչ անել միանգամից, և պետք չէ ամեն ինչ անել հենց հիմա: Շնչեք, ապրեք և արեք այն, ինչ ձեր առջև է: Այն, ինչ դուք ներդնում եք կյանքի մեջ, որոշ ժամանակ անց կյանքը ետ կվերադարձնի ձեզ:
3. Թող ուրիշները ընդունեն ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, կամ ընդհանրապես չընդունեն
Խոսեք ճշմարտությունը, նույնիսկ եթե ձեր ձայնը դողում է: Լինելով այնպիսին, ինչպիսին կաք՝ դուք գեղեցկությունը կբերեք այնտեղ, որտեղ այն դեռ չի եղել աշխարհում։ Վստահ քայլեք ձեր ճանապարհով և մի ակնկալեք, որ ուրիշները կհասկանան ձեր ճանապարհը, հատկապես, եթե նրանք չգիտեն, թե ուր եք գնում:
4. Դուք այն մարդը չեք, ինչ նախկինում էիք, և դա նորմալ է
Դուք շատ վերելքների ու վայրէջքների միջով եք անցել՝ դառնալու այնպիսին, ինչպիսին կաք այսօր: Տարիների ընթացքում շատ բաներ են տեղի ունեցել, որոնք փոխել են ձեր հայացքները, դասեր են տվել և ոգով ավելի ուժեղ են դարձրել: Ժամանակն անցնում է, և ոչ ոք տեղում չի դոփում, բայց որոշ մարդիկ միևնույնն է ձեզ կասեն, որ փոխվել եք: Պատասխանեք նրանց. «Իհարկե, ես փոխվել եմ: Կյանքում միշտ այդպես է լինում։ Բայց ես դեռ նույն մարդն եմ, պարզապես մի փոքր ավելի ուժեղ, քան նախկինում էր»:
5. Այն ամենը, ինչ տեղի է ունենում, օգնում է մեզ աճել, նույնիսկ եթե հիմա դա դժվար է հասկանալ
Հանգամանքները անընդհատ կուղղորդեն, կփոխեն ու կկատարելագործեն ձեզ։ Այնպես որ, ինչ էլ որ անեք, շարունակեք հուսալ: Ամենաբարակ թելը կվերածվի ամենաամուր պարանի։ Թող հույսը լինի ձեր խարիսխը, վստահ եղեք, որ սա ձեր պատմության ավարտը չէ, և որ մակընթացությանը կփոխարինի տեղատվությունը, որն ի վերջո ձեզ կբերի խաղաղ ափերին:
6. Մի ձգտեք հարուստ լինել, ձգտեք երջանիկ լինել
Եվ երբ մեծանաս, կտեսնես իրերի արժեքը, ոչ թե դրանց գինը: Ի վերջո, դուք կհասկանաք, որ լավագույն օրերն այն օրերն են, երբ դուք ժպտում եք առանց որևէ արտառոց պատճառի: Գնահատեք պահերը և երախտապարտ եղեք դրանց համար՝ առանց որևէ բան փնտրելու, ոչ ավելին։ Սա է իսկական երջանկության էությունը:
7. Եղեք վճռական և կենսուրախ
Հասկացեք, որ ձեր տառապանքների և անհաջողությունների մեծ մասը պայմանավորված է ոչ թե հանգամանքներով, այլ նրանց հանդեպ ձեր վերաբերմունքով: Ժպտացեք նրանց, ովքեր նախանձում են ձեզ և փորձում են վնասել ձեզ, ցույց տվեք, որ այն, ինչ պակասում է նրանց կյանքում, նրանք երբեք չեն կարող խլել ձեզանից:
8. Եղեք ուշադիր նրանց հանդեպ, ովքեր թանկ են ձեզ համար
Երբեմն, երբ սիրելին ասում է «ինձ մոտ ամեն ինչ նորմալ է», դուք պետք է նայեք նրա աչքերին, ամուր գրկեք նրան և ասեք՝ «Ես գիտեմ, որ այդպես չէ»: Եվ մի տխրեք, եթե ձեզ թվում է, թե որոշ մարդիկ ձեզ հիշում են միայն այն ժամանակ, երբ ձեր կարիքն ունեն։ Գտեք բավարարվածություն այն փաստով, որ այլ մարդկանց համար դուք նման եք լույսի փարոսի, որտեղ նրանք գնում են, երբ խավարը շրջապատում է իրենց կյանքը:
9. Երբեմն պետք է բաց թողնել մարդուն, որպեսզի նա աճի
Որովհետև նրա կյանքում գլխավորն այն չէ, թե ինչ եք անում նրա համար, այլ այն, թե ինչ եք սովորեցրել նրան անել իր համար, որպեսզի հաջողակ դառնա:
10. Երբեմն արդյունքի հասնելու համար պետք է ձեզնից հեռացնել մարդկանց, ովքեր չեն կիսում ձեր հետաքրքրությունները
Սա տեղ կբացի նրանց համար, ովքեր աջակցում են ձեզ ձեր տեսլականում: Դա տեղի է ունենում ակամա, երբ դուք աճում եք: Երբ դուք իմանաք, թե ով եք դուք և ինչ եք ուզում, կսկսեք հասկանալ, որ մարդիկ, ում ճանաչում եք, միշտ չէ, որ ամեն ինչին նայում են այնպես, ինչպես դուք: Այս կերպ դուք կարող եք պահպանել հիանալի հիշողություններ և թույլ տալ ձեզ առաջ գնալ:
11. Ավելի լավ է հետ նայել և ասել․ «չեմ հավատում, որ դա արեցի», քան ասել․ «զղջում եմ, որ դա արեցի»
Ի վերջո, մարդիկ ամեն դեպքում ձեզ կդատեն։ Այսպիսով, դուք չպետք է ապրեք ձեր ամբողջ կյանքը՝ փորձելով տպավորություն թողնել ուրիշների վրա: Ապրեք, որպեսզի տպավորվեք ինքներդ ձեզ: Սիրեք ինքներդ ձեզ այնքան, որ ձեր մակարդակը չնվազեցնեք ուրիշների համար:
12. Եթե դուք սպասում էիք երջանիկ ավարտի, բայց չեք տեսնում, գուցե ժամանակն է նոր սկիզբ փնտրել
Նայեք ինքներդ ձեզ և ընդունեք այն փաստը, որ դուք նույնպես ժամանակ առ ժամանակ սխալվելու իրավունք ունեք։ Միայն այդպես ես սովորում: Ուժեղ մարդիկ նրանք են, ովքեր անկեղծ ծիծաղով ծիծաղում են խնդիրների վրա. նրանք ծանր պայքար են մղել: Նրանք ժպտում են, քանի որ գիտեն, որ թույլ չեն տա, որ ոչինչ իրենց ցած քաշի, նրանք կշարժվեն դեպի նոր սկիզբ։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ