Ի՞նչն է հանգեցնում դիսբիոզի (դիսբակտերիոզ): Ինչո՞ւ է օճառը վնասակար ինտիմ հատվածների համար:
Ինչպե՞ս պահպանել մաքրությունն օրվա ամբողջ ընթացքում:
Աձնական հիգիենան նուրբ թեմա է, որը հաճախ նախընտրում են չշոշափել, սակայն լռելն էլ կարող է հանգեցնել լրջագույն խնդիրների:
Կնոջ վերարտադրողական համակարգի կենտրոնն արգանդն է, և մանրէների ներթափանցումն այնտեղ կարող է նպաստել բարդությունների առաջացմանը:
Հեշտոցի նորմալ միկրոֆլորան 90%-ով բաղկացած է լակտոբակտերիաներից, որոնք կաթնաթթու են արտազատում: Հեշտոցի թթվային միջավայրը ոչնչացնում է հիվանդածին մանրէների մեծ մասին: Եթե ինչ-ինչ պատճառներով հեշտոցի միջավայրը թթվայինի փոխարեն դառնում է հիմնային, ապա լակտոբակտերիաների քանակն էապես նվազում է՝ տեղ ազատելով այլ մանրէների համար: Այդ վիճակը կոչվում է դիսբիոզ:
Հեշտոցի թթվահիմնային հավասարակշռության խախտման ամենից հաճախ հանդիպող պատճառը լոգանքի ժամանակ հիմնային օճառների փրփուրի թափանցումն է հեշտոց: Անհանգստանալու կարիք չկա, եթե դա պատահել է մեկ անգամ, սակայն պարբերաբար կրկնվելու դեպքում միկրոֆլորայի լուրջ խախտումներն անխուսափելի են: Այդպիսի դեպքերում առաջին հիմնական ախտանշանը տհաճ հոտն է: Հեշտոցի թթվային միջավայրի խանգարմանը կարող է նպաստել ոչ միայն օճառը, այլև որոշ ֆիզիոլոգիական պրոցեսներ, ինչպիսիք են հղիությունը և դաշտանը:
Վարակներից և բորբոքումներից խուսափելու նպատակով պետք է հետևել որոշակի կանոնների
1. Խորհուրդ է տրվում լոգանք ընդունել օրվա մեջ երկու անգամ: Ձեռքերի և ջրի շիթը պետք է ուղղված լինեն առջևից հետ, որպեսզի բացառվի հետանցքից հեշտոց մանրէների կամ վարակի ներթափանցումը (ուղղությունը պետք է լինի առջևից դեպի հետ նաև զուգարանի թղթից օգտվելիս): Դաշտանի օրերին ավելի հաճախ է պետք լվացվել: Մանրէների տարածումը կանխելու նպատակով ինտիմ հատվածները պետք է սրբել հատուկ դրա համար առանձնացրած սրբիչով: Ի դեպ, թաց հատվածները պետք է ոչ թե սրբել, այլ չորացնել սրբիչի հպումներով, որպեսզի պատահմամբ չքերծեք նուրբ հատվածները:
2. Պետք չէ ինտիմ հատվածները լվանալ օճառով. այն գրգռում է նուրբ լորձաթաղանթը: Օգտագործեք անձնական հիգիենայի համար նախատեսված գելեր և քսուքներ, որոնք рн-ի թթվային մակարդակ ունեն. դա օգնում է վերականգնել բնական միկրոֆլորան:
3. Վաննայում շատ երկար մի պառկեք, եթե ջրում ավելացրել եք հոտավետ օճառ կամ աղ, քանի որ դրանք նպաստում են բնական մանրէների ոչնչացմանը:
4. Մի օգտագործեք սպունգ, քանի որ դա նպաստավոր խոնավ միջավայր է միկրոօրգանիզմների արագ բազմացման համար:
5. Եթե հորմոնային բեղմնականխիչներից եք օգտվում կամ հակաբիոտիկներ եք ընդունում, մոմիկներ օգտագործեք, որոնց բաղադրության մեջ կաթնաթթու է մտնում (կոնկրետ տեսակի ընտրության նպատակով խորհրդակցեք բժշկի հետ):
6. Մի ցողեք հեշտոցի շրջանը (եթե չկա հատուկ բժշկական ցուցում), քանի որ այդպիսի միջամտությունները հանգեցնում են կաթնաթթվային մանրէների ոչնչացմանը:
7. Կրեք բնական գործվածքից սպիտակեղեն: Արհեստական գործվածքները թույլ չեն տալիս մաշկին շնչել և պահպանում են խոնավությունը, ինչն էլ դառնում է բորբոքման պատճառ:
8. Դաշտանի շրջանում հաճախ փոխեք տամպոնը կամ միջադիրը (2-3 ժամը մեկ): Չի կարելի տամպոն օգտագործել սեռական օրգանների բորբոքումների, էրոզիայի կամ ներարգանդային պարույրի առկայության պարագայում: Եթե միջադիրի կամ տամպոնի փոխելուց հետո լվացվելու հնարավորություն չկա, օգտվեք ինտիմ հիգիենայի համար նախատեսված հատուկ խոնավ անձեռոցիկներից:
9. Ամենօրյա միջադիրներն օգնում են, որ մաշկն ամբողջ օրվա ընթացքում պահպանի իր թարմությունը: Փոխեք այն յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ անգամ: Եթե մաշկն զգայուն է, մի գնեք հոտավետ միջադիրներ, քանի որ կարող են գրգռել լորձաթաղանթը:
10. Խուսափեք չափազանց նեղ ջինսերից և արհեստական կտորեղենից կարված տաբատներից: Քնելիս ավելի ճիշտ կլինի ընտրել որակյալ բամբակե կտորից գիշերանոց:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ