Կեսարյան հատում՝ վիրահատություն, որի ընթացքում նորածինը մոր մարմնից առանձնանում է արգանդի վրա արված կտրվածքի միջոցով:
Շատ հաճախ այսպիսի ծննդաբերությունները արհեստական են անվանում, քանի որ ծննդկանին բժիշկներն են վիրահատական միջամտությամբ օգնում լույս աշխարհ բերել երեխային:
Որոշ դեպքերում այս վիրահատությունը միակ ելքն է լինում մոր և երեխայի անվտանգության համար, սակայն լինում են և դեպքեր, երբ կինն ինքն է ցանկանում կեսարյան հատման միջոցով ծննդալուծվել՝ ծննդաբերական ցավերից խուսափելու համար:
Վտանգավո՞ր է այն մանկիկի կյանքի և առողջության համար, կարծիքները տարբեր են, և զարմանալի չէ, որ արդեն վաղուց այս թեմայի շուրջ հասարակության մեջ տարբեր միֆեր են պտտվում: Ահա այդ միֆերից 5 ամենատարածվածները:
1. Կեսարյանով ծնվածները՝ գերակտիվ երեխաներ
Հարկ է նշել, որ դա կարող է այդպես լինել, սակայն ոչ բոլոր դեպքերում: Ավելին՝ կեսարյան հատմամբ լույս աշխարհ եկած երեխաների մոտ ցրվածությունը կամ հակառակը՝ գերակտիվությունը ավելի հաճախ է լինում, քան բնական ճանապարհով ծնված երեխաների մոտ: Սակայն միշտ չէ, որ դա տեղի է ունենում: Նախ՝ այս խնդիրները կարող են և չլինել, և երկրորդ՝ եթե երեխան գերակտիվ է, ապա ճիշտ խնամքի ու բուժման արդյունքում այս խնդիրը կարելի է լուծել:
2. Կեսարյանով ծնված երեխաներին պետք են զարգացնող հատուկ ծրագրեր
Մեծամասամբ այդպիսի երեխաները նորմալ են զարգանում: Իհարկե, հաշվի առնելով այն փաստը, որ նրանք ծնվել են վիրահատական ճանապարհով, բժիշկները պետք է ավելի աչալուրջ լինեն, և հենց դրա համար է, որ կեսարյանով ծնված երեխաների մեծ մասը նյարդաբանի մոտ պարտադիր հաշվառման է լինում, սակայն դա ընդամենը ապահովության համար է արվում: Որպես կանոն, եթե երեխան զարգացման մեջ հապաղում է, դրան նպաստում են մի քանի հանգամանքներ, և ոչ թե միայն նրա՝ կեսարյան հատումով ծնված լինելու փաստը:
3. Կեսարյանով ծնված երեխաները հետ են մնում ֆիզիկական զարգացման մեջ
Այս դեպքում ֆիզիկական զարգացման հապաղման կարող է բերել մի քանի գործոն՝ երեխայի առաջին ճիչն է ուշանում, պտղաջրեր է կուլ տալիս, կեսարյան հատում կատարելու պատճառով կնոջ թմրաքնի /наркоз/ բացասական ազդեցությունը երեխայի նյարդային համակարգի վրա: Իրականում, այս ամենը դեռ չի նշանակում, որ երեխան հետ կմնա զարգացման մեջ: Կլինի դա, թե ոչ, կախված է նրանից, թե արդյոք պլանայի՞ն է եղել կեսարյան հատումը, թե՞ անհետաձգելի՝ օրգանիզմի համար միանգամայն անսպասելի պահին:
4. Կեսարյանով ծնված երեխաները շատ են լացում
Բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ երեխան մեծ սթրես է տանում, ինչը խթանում է մի շարք հորմոնների ու նյարդա-ֆիզիկական պրոցեսների ակտիվացմանը: Այս ամենը երեխայի հոգեբանությունը դարձնում է ավելի ամուր ու ադապտացվող այն դեպքում, երբ կեսարյան հատումով ծնվածները նման սթրես չեն տանում և ըստ այդմ էլ՝ նրանց նյարդային համակարգը «ընկճված» կամ հակառակը՝ չբալանսավորված-ակտիվ է: Սա կարող է խնդիրներ առաջացնել, բայց կարող է և ոչ մի խնդիր չլինել:
5. Վիրահատությունից հետո մայրիկի մոտ կարող է կաթ չառաջանալ
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կեսարյանով ծնված երեխաների մոտ գլխուղեղի աշխատանքը կարգավորվում է ծնվելուց 9-10 օր անց այն դեպքում, երբ բնական ճանապարհով ծնված երեխաների մոտ դա տեղի է ունենում հենց առաջին օրը: Կեսարյանից հետո ծննդկանների մոտ հաճախ խախտվում է կաթնարտադրության պրոցեսը, և կաթ իսկապես չի արտադրվում: Նաև հավանականություն կա, որ անգամ կաթի առկայության դեպքում երեխային կրծքով կերակրելն արգելվում է, որովհետև մորը հակաբիոտիկներ են նշանակված, որոնք հակացուցված են երեխային: Կրծքի կաթը հրաշալի սնունդ է երեխայի համար, և իսկապես հրաշալի է, երբ մայրը կարողանում է կերակրել իր բալիկին կրծքի կաթով:
Անկախ նրանից՝ կինը ծննդաբերում է բնական, թե կեսարյան ճանապարհով, ամենակարևորը պրոֆեսիոնալ ու փորձառու բժիշկ ունենալն է, և սեփական ու նաև նոր ծնված փոքրիկի կյանքի մասին հոգ տանելու կնոջ հոգեբանական ու տեսական պատրաստվածությունը: Առողջ ու անհոգ մանկություն բոլոր մանկիկներին:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին