Որքան էլ ցանկանանք պաշտպանել մեր երեխաներին խնդիրներից, կան իրավիճակներ, որոնցում երեխան պետք է սովորի ինքնուրույն իրեն դրսևորել և խնդիրները միայնակ լուծել։
Լավագույն օգնությունը ծնողի կողմից կլինի երեխային սովորեցնելը՝ ինչպես է ճիշտ վարվել նման դժվար իրավիճակներում։
zNews-ը ներկայացնում է խորհուրդներ, որոնք կօգնեն երեխաներին երջանիկ ու ինքնավստահ մեծանալ։
Սովորիր պատասխան տալ՝ առանց բռունցքների
Եթե համադասարանցիները ծաղրում են ձեր երեխային, վատ խոսքեր ասում, և երեխան չի ցանկանում դպրոց գնալ, որովհետև դա իր համար իսկական մղձավանջ է, ապա ծնողները նման դեպքերում չպետք է անմիջականորեն միջամտեն կոնֆլիկտին։ Ծնողներին խորհուրդ է տրվում նման դեպքերում բացատրել երեխային, որ խնդիրներ ունի ոչ թե նա, այլ ծաղրուծանակի ենթարկողը, քանի որ նա այդկերպ ցանկանում է «բոլորից լավը» երևալ մյուսների աչքում։ Նման դեպքերում պետք է սովորեցնել երեխային ցույց տալ նմաններին, որ նրա խոսքերը իրեն չեն վիրավորում։ Եթե երեխան ի պատասխան ժպտա ու իր ամբողջ տեսքով ցույց տա, որ դրանք իր վրա ազդեցություն չեն գործում և հիմարություն են, ապա չստանալով սպասված արձագանքը՝ երեխաները կդադարեն ծաղրել։
Գնահատականն ամենակարևորը չէ
Ամեն անգամ, երբ երեխան ցածր գնահատական է ստանում, նա չպետք է վախենա ծնողների արձագանքից։ Պետք չէ բղավել նրա վրա կամ առավել ևս՝ ծեծել։ Ցույց տվեք երեխային, որ ձեր սերը նրա հանդեպ կախված չէ նրա առաջադիմությունից։ Պետք է ասել՝ «ոչ մի սարսափելի բան չկա, մյուս անգամ ավելի լավ կպատրաստվես»։ Նման վերաբերմունքն անհաջողությունների հանդեպ կօգնի երեխային չվախենալ խնդիրներից ապագայում։
Սովորել «Ոչ» ասել
Ինչ անել, երբ համադասարանցին խնդրում է տալ արտագրել ձեր կատարած աշխատանքը։ Հիմնականում երեխաները համաձայնում են, և արդյունքում ուսուցչի սեղանին հայտնվում է երկու միանման աշխատանք, իսկ գնահատականն էլ իջեցվում է։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում ծնողներին բացատրել երեխաներին, որ դա իրենց կատարած աշխատանքն է, ինչի համար նրանք պատրաստվել են, պարապել, ջանքեր գործադրել, այնինչ երբ դիմացինը ոչինչ չի արել։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում պատասխանել «Ես դեռ չեմ վերջացրել։ Երբ վերջացնեմ՝ քեզ կօգնեմ»։
Սովորիր օգնել և պաշտպանել նրան, ով թույլ է
Երեխան պատմում է ձեզ, որ դպրոցում ծաղրուծանակի են ենթարկում ու ճնշում իր համադասարանցուն։ Դուք նկատում եք, որ դա նրան տհաճություն է պատճառում, սակայն նա վախենում է պաշտպանել ընկերոջը։ Երեխաների մեծ մասը վախենում է օգնության շտապել թույլերին՝ մտածելով, որ իրենք կարող են հայտնվել նրանց տեղում։ Դրա համար այնքան կարևոր է երեխային հասցնել այն միտքը, թե որքան կարևոր է ապրումակցելն ու մարդկանց օգնության հասնելը։
Սիրիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս
«Մաշան շատ գեղեցիկ վարսեր ունի, իսկ Կատյան՝ գեղեցիկ աչքեր, իսկ ես գեղեցիկ չեմ». վաղ թե ուշ երեխաները սկսում են իրենց համեմատել ուրիշների հետ, ինչը հետագայում կարող է բարդույթավորված դարձնել նրանց։ Երեխաների ինքնագնահատականի հարցում մեծ դեր ունեն ծնողները, պետք է գովել երեխային, հաճոյախոսություններ ասել, սիրել, ասել, որ նա շատ գեղեցիկ է ու սիրված։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին