Ժամանակին ապրում էր մի շինարար: Իր ողջ կյանքում տներ էր կառուցում, բայց ծերացավ ու որոշեց թոշակի անցնել։
— Ես ազատվում եմ աշխատանքից, — ասաց նա գործատուին։ — Թոշակի եմ անցնում։ Կգնամ, կնստեմ տանը, կնոջս հետ թոռներին կպահեմ։
Տերը ափսոսաց բաժանվել այդ մարդուց ու խնդրեց նրան.
— Լսի՛ր, արի այսպես անենք՝ կառուցիր վերջին տունը, հետո քեզ կճանապարհենք թոշակի։ Լավ պարգևավճարով։
Վերջինս համաձայնեց։ Նոր նախագծով նա պետք է փոքր ընտանիքի համար տուն կառուցեր, ու սկսվեց՝ համաձայնեցումներ, նյութերի որոնում, ստուգումներ…
Նա շտապում էր, որովհետև արդեն իրեն պատկերացնում էր թոշակի մեջ։

Որոշ բաներ կիսատ էր թողնում, ինչ-որ բաներ պարզեցնում, էժան նյութեր էր գնում, որովհետև դրանք ավելի արագ էին հասցնում…
Նա զգում էր, որ իր լավագույն աշխատանքը չի անում, բայց արդարացնում էր իրեն նրանով, որ սա իր կարիերայի վերջն է։
Երբ շինարարությունն ավարտվեց, նա կանչեց տիրոջը։ Վերջինս նայեց տունը ու ասաց.
— Գիտե՞ս, սա քո տունն է։ Ահա, վերցրու բանալիներն ու տեղափոխվիր։ Բոլոր փաստաթղթերը արդեն ձևակերպված են։ Սա մեր նվերն է քեզ՝ երկար տարիների աշխատանքի համար։
Ինչ զգաց շինարանը՝ միայն ինքը գիտեր։ Նա կանգնած էր՝ ամոթից կարմրած, մինչ բոլորը ծափահարում էին, շնորհավորում նոր բնակարանի կապակցությամբ ու կարծում էին, թե նա ամաչում է, մինչդեռ նա կարմրել էր իր անփութության համար։
Նա հասկանում էր, որ իր բոլոր սխալներն ու թերությունները հիմա դարձել են իր խնդիրները, իսկ շրջապատը մտածում էր, թե նա պարզապես շփոթված է այդ թանկ նվերից։ Եվ հիմա նա պետք է ապրեր այն միակ տանը, որը ինքն էր վատ կառուցել…
Իմաստը․ Մենք բոլորս այդ շինարարն ենք։ Այն ամենը, ինչ անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի։ Արդեն այսօր մենք կառուցում ենք այն տունը, որտեղ ապրելու ենք վաղը…
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

