Երեխայի խոսքի ձևավորումն ու վաղ զարգացումը չափազանց կարևոր են։ Օգնելով երեխային ձևավորել և զարգացնել խոսքը՝ մենք պատրաստում ենք նրան ոչ միայն դպրոցին, այլև կյանքին։
Հաճախ ծնողները, վախենալով ինչ–որ մի բան սխալ անել, իրենց երեխային տարբեր խմբակների են ուղարկում և պարապմունքների մասնագետների մոտ, որոնք, իրենց կարծիքով, հաստատ գիտեն, թե ինչպես զարգացնեն այդ հմտությունը։ Սակայն բժիշկ Կոմարովսկին պնդում է, որ հենց ծնողներն են կամա թե ակամա զգալիորեն ազդում երեխայի խոսքի ձևավորման և որակի վրա։
zNews-ի հետ միասին պարզենք, թե ինչ է խորհուրդ տալիս անել բժիշկ Կոմարովսկին երեխայի խոսքի ճիշտ և ներդաշնակ զարգացման համար։
Լոգոպեդի խորհուրդները
1. Մեկնաբանիր բոլոր գործողություններդ։ Երեխան իր ծնունդից անմիջապես հետո սկսում է մեծանալ և հետևել շրջապատող աշխարհին։ Բարձրաձայնելով ձեր գործողությունները և իրադարձությունները, որ տեղի են ունենում շուրջը, կոչելով իրերն իրենց անուններով, դուք ձեր երեխայի մոտ ճիշտ պատկերացում եք ձևավորում տարբեր հասկացությունների վերաբերյալ։
2. Բացառիր թոթվանքով խոսելը երեխայի հետ։ Որպեսզի հետագայում ձեր երեխան խոսի պարզ և հասկանալի, նա պետք է վաղ տարիքից բացառապես մաքուր և չաղավաղված խոսք լսի և յուրացնի։
3. Երեխայի ուշադրությունը գրավեք այն ձայների վրա, որոնք լսվում են շուրջը։ Լինի դա շան հաչոց, մեքենայի շչակ, թռչունների ծլվլոց, ուժեղ քամի և այլն։ Անպայման բացատրեք երեխային, թե որտեղից է լսվում ձայնը։
4. Մի մոռացեք երեխային հարցեր տալ։ Ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում ինչ–որ մի բանով հետաքրքրվեք, որպեսզի երեխայի մոտ ցանկություն առաջացնեք շարունակելու զրույցը։
5. Խաղացեք օգուտ քաղելով։ Խաղ գնելիս համոզվեք, որ այնտեղ բավական նկարագրողական տարրեր կան։ Հրաշալի օրինակ է «Գույն և ձև» խաղը, որտեղ երեխան պետք է հավաքի նույն գույնի կամ նույն ձևի ֆիգուրները։ Ընթացքում անպայման խոսեք երեխայի հետ, հարցեր տվեք, «ի՞նչ գույնի է սա», «ինչո՞ւ պետք է այս ֆիգուրն այստեղ լինի» և այլն։
6. Զարգացրեք երեխայի խոսքը առարկաների բնորոշումներով։ Երբ երեխան ինչ որ բառ է ասում, դրան հատկանիշ ավելացրեք։ Օրինակ, եթե նա ասում է «թեյ», դուք ավելացրեք «տաք», «պատուհան», ավելացրեք «ապակե»։
7. Բարձրաձայն բանաստեղծություններ կարդացեք։ Հանգավորված տողերը զարգացնում են երեխայի լսողական ընկալումը, ինչպես նաև ռիթմի զգացումը։
8. Խոսիր պարզ, հստակ և դադարներով։ Փոքրիկ երեխային ժամանակ է անհրաժեշտ ինֆորմացիան մշակելու համար, այդ պատճառով էլ, մի բան նրան պատմելուց կամ հարցնելուց հետո, ժամանակ տվեք, որպեսզի նա իր մեջ ընդունի ինֆորմացիան։
9. Ուշադրություն դարձրեք երեխայի մանր մոտորիկայի զարգացմանը։ Զբաղվեք նրա հետ նկարչությամբ, ծեփով, թողեք ինքը կապի իր կոշիկի կապերը։ Որքան լավ երեխան կարողանա անել այս ամենը, այնքան զարգացած կլինի նրա խոսքը։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին