Դեղաբույս, որն օգտագործել են մեծանուն բժշկապետերը

Սրոհունդի (зверобой) բուժիչ նշանակությունն ու կիրառման տարբերակները

Հայկական տարանունները – արևքուրիկ, եզնածաղիկ դաշտի, թեյի ծաղիկ, հազարածաղիկ, հայֆարիզոն, հիպերիկոն, հոտմոտ, մկան աղիք, մշահամուկ, պոպղակ:

Քիմիական բաղադրությունը

Բույսը պարունակում է 10-12% դաբաղանյութեր, ներկանյութեր (հիպերիցին, պսևդոհիպերիցին), խեժանյութեր, 5-6% անտոցիաններ, սապոնիններ, գլիկոզիդ հիպերոզիդ, C վիտամին, ռուտին, նիկոտինաթթու, կարոտին, խոլին, ալկալոիդների հետքեր, կվերցիտրին, իզոկվերցիտրին, կվերցետին, 0,2-0,3% եթերայուղ, որն իր հերթին պարունակում է տերպեններ, սեսկվիտերպեններ, իզովալերիանաթթվի բարդ եթերներ, ցերիլ սպիրտ և այլն:

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործվում է դեղաբույսի վերգետնյա մասը, որը մթերում են ծաղկման ընթացքում` մինչև պտղակալելը, կտրելով մկրատով կամ մանգաղով, առանց ցողունային կոշտ մասերի: Հումքը չորացնում են տանիքում, լավ քամհարվող տեղում, կախած կամ փռած վիճակում: Չոր հումքը, որը կազմում է նախնականի 25%-ը, փշրում են, հեռացնում կոշտ մասերը և պահում թղթով փաթաթած, տուփերի մեջ: Մթերման ժամանակ պետք է թողնել առանձին բույսեր` սերմացուի համար, իսկ բույսն արմատահան անել բոլորովին անթույլատրելի է: Չոր հումքը պետք է ունենա բնականին մոտ տեսք, բալասանային հոտ, դառը, տտիպ համ: Այն պիտանի է օգտագործման շուրջ 3 տարի:

Դեղաբույսն ունի կիրառման հին պատմություն: Նրա մասին դեռևս նշել են Հիպոկրատը, Պլինիոսը և Դիոսկորիդը, իսկ միջնադարում` Պարացելսը և Տաբերնեմոնտանուսը, որոնք օգտագործել են այն տարբեր հիվանդությունների ժամանակ: Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ճանաչվել է որպես հրաշագործ միջոց և նույնիսկ ընդունված է եղել այն հավատը, որ «տեր աստծո կողմից տրված այս զենքն ուղղված է կախարդների ու սատանաների դեմ». ահա թե ինչու սրոհունդը ժողովուրդն անվանում է նաև «աստվածային», «աստծո ողորմություն»:

Ավիցեննան սրոհունդի սերմերի յուղը` կաթիլների ձևով, օգտագործել է մանկական պրակտիկայում` լսողության խանգարումների ժամանակ: Նա դեղաբույսը ճանաչել է որպես վերքամոքիչ, ցավազրկող և միզամուղ, այդ իսկ պատճառով այն օգտագործել է դժվար լավացող խոցերի և վերքերի, նստաներվի բորբոքումների ժամանակ և այլն: Մ. Հերացին դեղաբույսն օգտագործել է ջերմերի և փորկապության ժամանակ, իսկ Ամիրդովլաթը («հայը ֆարիղոն», «հոռմցի տատի» և այլ անուններով) օգտագործել է այրվածքների, դեղնուկի, դժվարամիզության, ուռուցքների, ջերմության բարձրացման, կոնքացավի ժամանակ և այլն: Այնուհետև բժշկապետը նշում է, որ բույսի սերմերն օժտված են հակաբեղմավորիչ և վիժեցնող հատկություններով:

Մեր կողմից սրոհունդը, եփուկի ձևով, օգտագործվել է քրոնիկական գերսեկրետոր և գերթթու գաստրիտով տառապող հիվանդությունների բուժման համար: Եփուկը հիվանդներն ընդունել են 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ, ուտելուց հետո, 3-4 շաբաթ տևողությամբ, ստամոքսային չափավոր դիետայի պայմաններում: Հիվանդների զգալի մասի մոտ դեղաբույսի օգտագուրծումից ոչ միայն լավացել են ստամոքսային սուբյեկտիվ և օբյեկտիվ տվյալները, այլև որոշ չափով թեթևացել են այն նեյրոդիստոնիկ երևույթները (ընդհանուր անհանգիստ վիճակ, ջլային բարձր ռեֆլեքսներ, արտահայտված կարմիր դերմոգրաֆիզմ, ակրոցիանոզ, քրտնոտություն, վերջույթների դող և այլն), որոնք հաճախ ուղեկցում են մարսողական տրակտի քրոնիկական հիվանդություններին:

Կիրառման եղանակները

Ջրաթուրմ պատրաստելու համար 3 ճաշի գդալ մանրացրած սրոհունդը լցնում են 250 մլ եռման ջրի մեջ, թրմում 2 ժամ, ապա ըմպում 1/3-ական բաժակ` օրական 3 անգամ: Կամ 10 գ. հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ըմպում նույն եղանակով: Եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ ջրում եռացնում են 10 րոպե, հովացնում, քամում, ապա ըմպում 1/3-ական բաժակ` օրական 3 անգամ, ուտելուց հետո: Ջրիկ մզվածք պատրաստելու համար 20 գ հումքը 400 մլ ջրում եռացնում են մինչև նրա կիսվելը, ապա քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, ուտելուց հետո:

Ոգեթուրմ պատրաստելու համար հումքը` 1:10 հարաբերությամբ, խառնում են 70° սպիրտի հետ, թրմում 1 շաբաթ, քամում ու ըմպում 30-40-ական կաթիլ` օրական 3 անգամ: Կամ` 15-20 գ. հումքը մեկ շաբաթ թրմում են 1-2 լ 70° սպիրտի մեջ, քամում, ապա ընդունում ջրով, 30-ական կաթիլ` օրական 3 անգամ` ուտելուց հետո (ցիստիտների, կոլիտների և լեղաքարային հիվանդության ժամանակ, ինչպես նաև, բերանի ողողման համար):

Հումքից նույն ձևով պատրաստում են ոգեթուրմ սովորական օղու մեջ` 1:5-ի հարաբերությամբ: Քսուք պատրաստելու համար 1 մաս ոգեթուրմը խառնում են 4 մաս կովի կարագի հետ: «Սրոհունդի յուղ» պատրաստելու համար վերցնում են 500 գ թարմ հումք, ավելացնում 1 լ արևածաղկի յուղ և 0,5 լ սպիտակ գինի, թրմում 3 օր, ապա գոլորշիացմամբ լուծույթից անջատում գինին: Ստացված դեղամիջոցն օգտագործում են խոցային հիվանդության ժամանակ, 1-ական ճաշի գդալ, քաղցած վիճակում կամ ուտելուց 3-4 ժամ հետո, 1-2 ամիս տևողությամբ:

Այս յուղը միաժամանակ օգտագործվում է վերքերի, մաշկային խոցերի և պառկելախոցերի բուժման նպատակով: Կամ` 1 ճաշի գդալ ծաղկաբույլին ավելացնելով 1 բաժակ բուսայուղ, շուտ-շուտ թափահարելով, թրմում են 2 շաբաթ, հետո քամում ու կիրառում մաշկային ախտահարումների ժամանակ: Դեղաբույսի ոգեթուրմը մտնում է դեղատներում պատրաստի վիճակում բաց թողնվող կապսիտրին կոմպլեքս պատրաստուկի կազմի մեջ, որը քսման ձևով օգտագործվում է ռադիկուլիտների, նևրիտների, միոզիտների և արթրիտների ժամանակ որպես ցավ հանգստացնող և կազդուրիչ միջոց: Իմանինը, որը բաց է թողնվում դեղատներում փոշու ձևով, կիրառվում է արտաքին` լուծույթների, քսուքի և ցանափոշու ձևով: Նովոիմանինը դեղատներում բաց է թողնվում սպիրտային լուծույթների ձևով:

Այլ օգտակար հատկանիշները: Բույսն ունի արտահայտված ֆիտոնցիդային հատկություն: Արտադրում է առատ ծաղկափոշի: Որպես համեմունք օգտագործվում է ձկնեղենային ուտեստների և ոգելից խմիչքների մեջ, ինչպես նաև որպես թեյի փոխմիջոց:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանանց օրգազմի տեսակները
Ինչպես հղիանալ կարճ ժամանակահատվածում
10 տեսակ սուտ, որոնք համոզել են ձեզ
Որ դեպքերում են որովայնի ցավերը հուշում անհապաղ բժշկին դիմելու անհրաժեշտության մասին
8 ճշմարտություն, որոնք հայտնի չեն նույնիսկ կանանց. մենք կբացենք գաղտնիքի վարագույրը
Հոտառության վատթարացումը կարող է հուշել վտանգավոր հիվանդության մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
Ի՞նչ կտրականապես չի կարելի անել սեքսի ժամանակ (Ցուցակ)
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Ահա թե ինչից է կախված կնոջ սեքսուալությունը
ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս
Եթե այս ԹԵՍՏՈՒՄ կարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա Ձեր գիտելիքներով կարող եք զարմացնել
Տրամաբանական հանելուկ․ Կկարողանա՞ք գուշակել պատասխանը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են կանայք լքում տղամարդկանց
Տրամաբանական թեստ՝ zNews-ի հետևորդների համար․ կկարողանա՞ք հաղթահարել
Կանանց օրգազմի տեսակները
Ինչպես հղիանալ կարճ ժամանակահատվածում
Թեստ․ Ճանաչո՞ւմ եք մեր սիրված երգիչներին
Ավտովթարի հետևանքով մահացել է իմ ընկերը․ Հովհաննես Ազոյան (Photo)
10 տեսակ սուտ, որոնք համոզել են ձեզ
Երբ են Կենդանակերպի նշանները հասկանում, որ սիրահարվել են
Հնարամտության ԹԵՍՏ` zNews-ի գիտակների համար