Չափազանց թանձր արյունը կարող է հանգեցնել թթվածնաքաղցի ու սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների զարգացման։ Այս մասին «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում ասել է սննդաբան, գենետիկ-մետաբոլիստ Սվետլանա Պերեսը՝ թվելով սննդամթերքի այն տեսակները, որոնք նպաստում են արյան թանձրության բարձրացմանը։
Մասնագետի խոսքով՝ արյան թանձրացման գործընթացի վրա կարող է ազդել մարդու սննդակարգը։ Արյան շրջանառության հետ կապված խնդիրների պատճառ հաճախ են դառնում արագ սնունդը և յուղոտ ու տապակած սնունդը, սակայն կան նաև արյունը թանձրացնող սննդամթերքի տեսակներ, որոնք ընդունված է համարել օգտակար։

«Գոյություն ոնեն սննդամթերքի տեսակներ, որոնք պարունակում են բավական մեծ քանակությամբ վիտամին К։ Այս տարրի ճիշտ գործածությունը կանխում է արյան կորուստը՝ դադարեցնելով արյունահոսությունները, սակայն դրա հետ մեկտեղ այն թանձրացնում է արյունը։ Տերևավոր բանջարեղենը (սպանախ, մաղադանոս, հազար և այլն) և բրոկոլին 100 գրամում պարունակում են զգալի ավելի շատ վիտամին К, քան միսը։ Բացի այդ, վիտամին К պարունակվում է նաև բուսայուղերի՝ սոյայի յուղի, սևուկի յուղի, ձիթայուղի մեջ», – բացատրել է մասնագետը։
Նա նաև ընդգծել է, որ առողջ մարդկանց համար այս վիտամինի չարաշահումը վտանգավոր չէ։ Այն կարող է բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա միայն այն ժամանակ, երբ արդեն իսկ կան անոթների ու արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

