Հղիության վաղ փուլերում անհանգստացնող ցանկացած փոփոխության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:
Բանն այն է, որ հենց առաջին մի քանի ամիսն են որոշում հղիության հետագա ընթացքը, ուստի ժամանակին ձեռնարկված քայլերը կարող են կանխել անցանկալի հետևանքները:
Հաճախ հղիության առաջին ամիսների ընթացքում կանանց տանջում են որովայնի ստորին հատվածի ցավերը, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:
zNews-ը Ձեզ է ներկայացնում որովայնի ստորին հատվածի ցավերի ամենատարածված պատճառները:
Ցավի ֆիզիոլագիական պատճառները
Ցավը կարող է ի հայտ գալ հղիության ընթացքում տեղի ունեցող ֆիզիոլագիական փոփոխությունների պատճառով: Եթե ցավն իր բնույթով ձգող է և կենտրոնացած է որովայնի ստորին հատվածում ու գոտկատեղում, ապա անհանգստանալու պատճառ չկա: Ամենայն հավանականությամբ ցավը պայմանավորված է արգանդը պահող մկանների լարվածությամբ:
Նման ցավերն անվտանգ են և մոր ու երեխայի առողջությանը վնաս չի սպառնում: Հարկ է նշել, որ նման ցավերն առաջին հերթին անհանստացնում են այն կանանց, որոնց մոտ դաշտանը ցավոտ էր:
Աղիների սխալ աշխատանք
Սկզբնական շրջանում կանանց մոտ կարող են առաջանալ խնդիրներ՝ կապված աղիների աշխատանքի հետ: Նկատվում է գազերի կուտակում ու փորափքանք և այդ ամենի հետևանքով էլ առաջանում են ցավեր որովայնի ստորին հատվածում: Աղիների աշխատանքի խանգարումների պատճառը հորմոնալ փոփոխություններն են, սակայն 3-4-րդ ամսից ցավն անհետանում է: Տհաճ զգացողություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետևել հղիների համար նախատեսված հատուկ սննդակարգին և բացառել գազերի կուտակմանը նպաստող սննդամթերքը (ծիրանաչիր, լոբազգիներ, հացաբուլկեղեն, քաղցրավենիք, գազավորված ըմպելիքներ և այլն):
Հղիության ընթացքում որովայնի ստորին հատվածի ցավերի պատճառ հանդիսացող այս պատճառները տհաճ են, սակայն բացարձակապես անվնաս: Սակայն ցավերի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև շատ ավելի լուրջ խնդիրները: Հղիությունը պահպանելու և մոր ու մանկան առողջությանը չվնասելու համար հարկավոր է ժամանակին խորհրդակցել մասնագետի հետ:
Արտարգանդային հղիություն
Ցավի՝ առավել լուրջ ու մոր կյանքի համար վտանգ ներկայացնող պատճառներից մեկը կարող է լինել արտարգանդային հղիությունը: Եթե բեղմնավորված ձվաբջիջը գտնվում է ոչ թե արգանդի խոռոչում, այլ արգանդափողերում կամ ձվարանում, ապա դա կարող է խիստ վտանգավոր լինել կնոջ առողջության ու կյանքի համար: Նման հղիությունը ոչ մի կերպ չի կարելի պահպանել:
Արտարգանդային հղիությունն իր արտաքին դրսևորումներով նման է նորմալ հղիությանը: Թեստի արդյունքը դրական է լինում, կինը կարող է տառապել սրտխառնոցից, փսխումից, ընդհանուր թուլությունից և այլն: Երբ պտուղն ամրանում է արգանդից դուրս, որոշ ժամանակ այն նորմալ է զարգանում, սակայն դրանցի հետո արգանդափողը պատռվում է: Սա է պատճառը, որ կասկածելի ցավերը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Որքան շուտ հայտնաբերվի արտարգանդային հղիությունը, այնքան բարձր է անցանկալի հետևանքներից խուսափելու հնարավորությունը:
Բորբոքում
Հղիության ընթացքում կնոջ իմունային համակարգը թուլանում է, ինչի հետևանքով նրա օրգանիզմը նախկինից ավելի խոցելի է դառնում: Սա է պատճառը, որ հղի կանանց մոտ հաճախ նկատվում են սեռական համակարգի բորբոքումներ: Հիվանդությունը կարող է ախտորոշել միայն բժիշկը՝ հիմնվելով հետազոտությունների հիման վրա:
Հղիության ընդհատման վտանգ
Որովայնի ստորին հատվածի ցավերի դեպքում հարկավոր է անպայման բացառել հղիության ընդհատման վտանգը: Անհրաժեշտ է խորհրդակցել հղիության ընթացքին հետևող գինեկոլոգի հետ: Հիմնականում ժամանակին միջոցներ ձեռնարկելու դեպքում կարելի է ազատվել վտանգից և պահպանել հղիությունը:
Ցավի այլ պատճառներ
Հղիությունը հիվանդություն չէ, այլ կնոջ օրգանիզմի բնական վիճակ, ուստի այդ ընթացքում կարող են առաջանալ խնդիրներ, որոնք պայմանավորված չեն հղիությամբ: Մասնավորապես՝ որովայնի ստորին հատվածի ցավերը կարող են պայմանավորված լինել որդանման ելունի բորբոքումով, միզապարկի բորբոքումով կամ սննդային թունավորումով:
Հղիության ընթացքում որովայնի ստորին հատվածի ցավեր կարող են առաջանալ տարբեր պատճառներով: Առաջին իսկ ախտանշանների դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկին, ով կկարողանա որոշել ցավի իրական պատճառն ու անհրաժեշտության դեպքում կնշանակի ճիշտ բուժում: Սակայն հարկ է հիշել, որ եթե ցավն ուղեկցվում է արյունահոսությամբ ու բարձր ջերմությամբ, ապա անհրաժեշտ է անհապաղ շտապ օգնություն կանչել:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ