
Աղիների քաղցկեղը շատ վտանգավոր հիվանդություն է, որի բուժման արդյունավետությունը կախված է դրա վաղ ախտորոշումից, քանի որ ժամանակին հիվանդությունը չախտորոշելու դեպքում բուժումը կարող է անարդյունավետ լինել։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են զգոն լինել, պարբերաբար բուժզննում անցնել և անուշադրության չմատնել խնդրի մասին հուշող ախտանշանները, քանի որ միայն այդ դեպքում կհաջողվի հայտնաբերել հիվանդությունը զարգացման վաղ փուլերում և միջոցներ ձեռնարկել դրանից ազատվելու համար։ Սակայն խնդիրն այն է, որ աղիների քաղցկեղը կարող է դրսևորվել ոչ շատ ակնհայտ ախտանշաններով, ուստի շատերը դրանք անգամ չեն նկատում կամ վերագրում են այլ խնդիրներին, ինչի հետևանքով հիվանդությունն ախտորոշվում է չափազանց ուշ։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են կոլոռեկտալ քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։
Ինչպես գրում է Medicalxpress պարբերականը, այս հիվանդության մասին հուշող և հաճախ անտեսվող ախտանշաններից մեկը կարող է լինել արյան մեջ երկաթի ցածր մակարդակը, որը կարող է հանգեցնել սակավարյունության (անեմիա) զարգացման։ Այս խանգարումը սովորաբար հայտնաբերվում է արյան հետազոտության շնորհիվ, սակայն կան նաև որոշ արտաքին ախտանշաններ, որոնք կհուշեն դրա մասին։
Մասնագետների խոսքով՝ արյան մեջ երկաթի ցածր մակարդակը բավական վտանգավոր ախտանշան է, որը կարող է պայմանավորված լինել առողջական մի շարք խնդիրներով, այդ թվում՝ աղիների չարորակ ուռուցքով։ Այս տարրի մակարդակը ստուգելու համար կարելի է արյան անալիզ հանձնել, իսկ կասկածների դեպքում մասնագետը կարող է նշանակել նաև կղանքի անալիզ դրանում արյան հետքերը ստուգելու համար, ինչպես նաև կոլոնոսկոպիկ հետազոտություն հնարավոր ուռուցքը հայտնաբերելու համար։
Քաղցկեղի այս տեսակով պայմանավորված երկաթի ցածր մակարդակը կարող է դրսևորվել տարբեր ախտանշաններով, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Այս խնդրի դեպքում կարող է նկատվել անբացատրելի սաստիկ հոգնածություն ու մաշկի գունատություն, ինչպես նաև գլխապտույտ, որը հաճախ ի հայտ է գալիս նստած կամ պառկած դիրքից կագնելու դեպքում։
Մասնագետները նախազգուշացնում են, որ մինչ վերջերս համարվում էր, որ աղիների քաղցկեղը որպես կանոն ախտահարում է 50 տարեկանից բարձր անձանց, սակայն վերջին տարիներին նկատվում է հիվանդության «երիտասարդացման» միտում, ուստի հարկավոր է շատ զգոն լինել։ Վիճակագրական տվյալներով՝ վերջին տարիներին այս հիվանդությունը 9%-ով ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդ անձանց մոտ։
Հիվանդության զարգացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին խուսափել դրան նպաստող ռիսկային գործոններից։ Քաղցկեղի այս տեսակի զարգացման հավանականությունը բարձրանում է ավելորդ քաշի, վերամշակում անցնած մթերքի գործածության, ալկոհոլի գործածության ու ֆիզիկական ակտիվության պակասի դեպքում, ուստի այս գործոնների առկայության դեպքում հարկավոր է շատ ավելի զգոն լինել։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ