Սրտամկանի առողջության պահպանումը շատ կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուրի համար, քանի որ սրտանոթային հիվանդությունները համարվում են մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը։ Այս հարցում առանցքային դեր է խաղում մարդու սննդակարգը, որը կարող է ինչպես խիստ բացասաբար անդրադառնալ սրտամկանի վրա, այնպես էլ պաշտպանել այն տարբեր խնդիրների զարգացումից։
Սննդակարգում անհրաժեշտ քանակությամբ ճարպերով ու հակաօքսիդանտներով հարուստ մթերքի գործածությունը սրտամկանի առողջության պահպանման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։ Սրտաբանների ամերիկյան ընկերակցության տվյալներով՝ թարմ մրգերով, բանջարեղենով, ամբողջահատիկ մթերքով, ձկնամթերքով, ընկույզներով ու բուսայուղերով հարուստ սննդակարգն օգնում է զգալիորեն նվազեցնել սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի լավագույն տեսակները, որոնց հաճախակի գործածությունն օգնում է պաշտպանել սրտանոթային համակարգը տարբեր խանգարումներից։
![]()
Ձուկ
Յույոտ ձկնատեսակները պարունակում են օգտակար ճարպեր, այդ թվում նաև օմեգա-3 ճարպաթթուները, որոնք շատ օգտակար են սրտանոթային համակարգի համար։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են շաբաթական երկու բաժին ձուկ ուտել ու հարստացնել սննդակարգն այնպիսի ձկնատեսակներով, ինչպիսին են սաղմոնը, թյունոսը, սարդինաները, սկումբրիան և այլն։ Բուսակերներն այս դեպքում կարող են ընտրել օմեգա-3 ճարպաթթուների բուսական աղբյուրներ, օրինակ՝ կտավատի կամ ավոկադոյի յուղ։
Ընկույզներ
Ընկույզները հարուստ են մոնոչհագեցած ճարպերով, վիտամին Е-ով և այլ հակաօքսիդանտներով, որոնք օգնում են նվազեցնել օրգանիզմում խոլեստերինի մակարդակն ու զարկերակային ճնշումը սրտի հիվանդությունների զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվող մարդկանց մոտ։ Հատկապես օգտակար է համարվում հունական ընկույզը, որը պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ։
Հատապտուղներ
Հատապտուղները անտոցիանների՝ բուսական պիգմենտների հարուստ աղբյուր են, իսկ այդ տարրերն ազդում են որպես հակաօքսիդանտներ՝ պաշտպանեկով սրտամկանը բորբոքումից ու խոլեստերինի բարձր մակարդակից և դրանով իսկ նվազեցնելով սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը։
Վարսակ
Վարսակը մանրաթելերով հարուստ ամբողջահատիկ հացահատիկներից մեկն է։ Այս մթերքը պարունակում է բետա-գլյուկան լուծվող մանրաթել, որն օժտված է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը նվազեցնող հզոր հատկություններով։
Լոբազգիներ
Վերամշակում անցած կարմիր միսը հարուստ է հագեցած ճարպերով ու զգալիորեն բարձրացնում է սրտի հիվանդությունների և այլ քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ սպիտակուցի բնական բուսական աղբյուրներին։ Հիանալի լուծում կարող է լինել սննդակարգում լոբազգիների ներառումը, ուստի կարելի է փոխարինել վնասակար մսաթերքը ոլոռով, լոբով, սիսեռով, ոսպով, ինչպես նաև գետնանուշով։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

