Կարմիր խալերն ու պապիլոմաները բավական տարածված են, սակայն ոչ բոլորին է հայտնի, որ առաջին հայացքից անվնաս թվացող այդ նորագոյացությունները կարող են լուրջ խնդիրների պատճառ դառնալ։
ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան Անդրեյ Կապրինի խոսքով` նման նորագոյացությունները վտանգավոր չեն, սակայն վտանգավոր կարող են լինել այն գործընթացները, որոնք հանգեցնում են դրանց փոփոխության։ Մասնագետը ներկայացրել է, թե որ դեպքերում են նման նորագոյացությունները վտանգավոր և ինչ խնդիրներ կարող են առաջացնել։

Ինչպես նշում է ուռուցքաբանը, նման կարմիր խալերը, որոնք կոչվում են հեմանգիոմաներ, բարորակ անոթային նորագոյացություններ են։ Նման նորագոյացությունները վտանգավոր չեն և դրանք կարելի է հեռացնել առանց որևէ բարդության, սակայն հեմանգիոմաներ փոփոխությունը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։
«Նորագոյացության աճը, գույնի ու սահմանների փոփոխությունը, բորբոքումների կամ արյունահոսությունների առկայությունը, քորն ու կոշտ թաղանթով պատվելը ենթադրում է ուռուցքաբանի հետ անհապաղ խորհրդակցության անհրաժեշտություն», – նշում է մասնագետը։

Ինչ վերաբերում է պապիլոմաներին, ապա բժիշկն ընդգծում է, որ դրանց առկայությունը խոսում է մաշկի՝ մարդու պապիլոմավիրուսով վարակված լինելու մասին։ Պապիլոմաները նույնպես վտանգավոր չեն, սակայն դրանց առկայությունը կապված է որոշակի վտանգների՝ դրանց վնասման, բորբոքման, մաշկի այլ հատվածների ախտահարման կամ որևէ մեկին վիրուսի փոխանցման հավանականության հետ։
Մասնագետի խոսքով՝ նորագոյացության արագ աճը, գույնի փոփոխությունը, արյունահոսությունը, խոցերի կամ այլ փոփոխությունների առաջացումը վտանգավոր է նաև պապիլոմաների դեպքում, և այս դեպքերում ևս հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել ուռուցքաբանի մոտ։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

