Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, որի գործառույթների խանգարումը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ՝ խիստ բացասաբար անդրադառնալով ամբողջ օրգանիզմի վրա։ Այս օրգանը պատասխանատու է տոքսինների դուրսբերման, նյութափոխանակության կարգավորման, լեղու արտադրության ու կենսական նշանակություն ունեցող մի շարք այլ գործառույթների կատարման համար, ուստի դրա առողջության պահպանումը ևս կենսական նշանակություն ունի։
Այս օրգանի ամենատարածված հիվանդություններից մեկը լյարդի ճարպային հիվանդությունն է, որը զարգանում է օրգանում մեծ քանակությամբ ճարպերի կուտակման հետևանքով։ Այս հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու համար հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել դրա մասին հուշող ախտանշաններին, մինչդեռ խնդիրն այն է, որ հիվանդությունը կարող է բավական երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ախտանշանի՝ մնալով աննկատ։
![]()
Այս հիվանդությունը լինում է երկու տեսակի՝ ալկոհոկային և ոչ ալկոհոլային։ Լյարդի ալկոհոլային ճարպային հիվանդությունը պայմանավորված է լինում ոգելից խմիչքների չարաշահմամբ։ Լյարդը տարրալուծում է օգտագործած ալկոհոլի մեծ մասը, սակայն դրա տարրալուծման ընթացքում ձևավորվում են վնասակար նյութեր, որոնք կարող են վնասել օրգանի բջիջները, դառնալ բորբոքումների պատճառ ու թուլացնել օրգանի պաշտպանությունը։ Լյարդի ալկոհոլային ճարպային հիվանդությունը լյարդի ալկոհոլային հիվանդության ամենավաղ փուլն է, որին հաջորդում են ալկոհոլային հեպատիտն ու լյարդի ցիռոզը, ուստի այս հիվանդությունը ժամանակին հայտնաբերելը շատ կարևոր է։
Լյարդի ոչ ալկոհոլային հիվանդությունը զարգացման վաղ փուլերում դառնալի հիվանդություն է, սակայն խնդիրն այն է, որ այդ փուլում այն զարգանում է առանց որևէ վառ ախտանշանի, ուստի շատերը չեն էլ կասկածում դրա առկայության մասին։ Ժամանակին չհայտնաբերելու և միջոցներ չձեռնարկելու դեպքում այն կարող է հանգեցնել լյարդի վնասվածքների, այդ թվում նաև լյարդի ցիռոզի զարգացման, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։
Ջոնս Հոփքինսի համալսարանի Բժշկության դպրոցի մասնագետները նախազգուշացնում են, որ լյարդի ճարպային հիվանդությունը, որը բնորոշվում է բորբոքումներով, լյարդի բջիջների վնասվածքներով, ինչպես նաև օրգանում մեծ քանակությամբ ճարպի կուտակմամբ, ժամանակի ընթացքում կարող է շատ լուրջ խնդիրների զարգացման պատճառ դառնալ։ Բանն այն է, որ այս հիվանդության դեպքում բարձրանում է շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման, երիկամների հիվանդությունների, լյարդի աշխատանքի խանգարման ու լյարդային անբավարարության զարգացման հավանականությունը։ Լյարդի ճարպային հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելը բավական դժվար է, սակայն կան շատ ավելի ուշ ի հայտ եկող որոշ ախտանշաններ, որոնք չի կարելի անտեսել։ Մասնագետների տվյալներով՝ այդ ախտանշանների ի հայտ գալը հուշում է, որ ճարպակալմամբ վնասված լյարդի վիճակը վատթարանում է և հարկավոր է անպայման դիմել մասնագետին՝ բուժզննում անցնելու և անհրաժեշտության դեպքում բուժումն սկսելու համար։

Լյարդի վիճակի վատթարացման մասին հուշող ախտանշանների շարքին են դասվում հոգնածությունը, ախորժակի կորուստը, քաշի նվազումը, թուլությունը, օրգանիզմում հեղուկի կուտակումն ու արյունահոսությունները, ուստի այս ախտանշանները նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել մասնագետի հետ։
Այս հիվանդության զարգացման հավանականությունն առաջին հերթին ավելի բարձր է լինում ավելորդ քաշ ունեցող, երկրորդ տիպի շաքարային դիաբետով կամ նախադիաբետով հիվանդ, ինչպես նաև հեպատիտ C ունեցող միջին տարիքի ու տարեց անձանց մոտ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ հիվանդությունը կարող է ախտորոշվել անգամ երեխաների մոտ, ուստի ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին՝ անկախ հիվանդի տարիքից։
Վերոնշյալ ախտանշաններից բացի լյարդի վիճակի վատթարացման մասին կարող է հուշել նաև օրգանի մեծացում, ինչը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, այդ թվում նաև դրանում ճարպերի կուտակմամբ։ Այս խնդիրն արտաքին դրսևորում է ստանում այն ժամանակ, երբ օրգանը չափազանց շատ է մեծանում։ Ընդ որում՝ այդ դեպքում լյարդի մեծացումը կարող է ուղեկցվել նաև որովայնում նկատվող տհաճ զգացողություններով ու հագեցածության զգացումով անգամ շատ քիչ քանակությամբ սնունդ օգտագործելուց հետո։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

