Աղն ամենատարածված համեմունքն է, որը շատ կարևոր է օրգանիզմի նորմալ աշխատանքի համար, սակայն առողջությանը վնաս չհասցնելու համար այն պետք է չգերազանցի օրական սահմանված անվտանգ նորման, որը կազմում է մոտ հինգ գրամ։
Մասնագետները հաճախ են խոսում աղի չարաշահման վնասակարության մասին՝ հորդորելով մարդկանց նվազեցնել օգտագործվող աղի քանակությունը, սակայն քչերին է հայտնի, որ այս վնասակար համարվող տարրի պակասը կարող է նույնքան վտանգավոր հետևանքներ ունենալ օրգանիզմի համար, որքան դրա չարաշահումը։
Թերապևտ Իրինա Պոպովայի խոսքով՝ աղից կարելի է հրաժարվել միայն մի դեպքում՝ մասնագետի հորդորով առողջական որոշակի խնդիրների դեպքում։
![]()
Մյուս բոլոր դեպքերում աղը սննդակարգից բացառելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ և շատ վտանգավոր խնդիրների հանգեցնել։
Աղի ակտիվ գործածությունը կապված է առողջական լուրջ խնդիրների, առաջին հերթին՝ սրտանոթային հիվանդությունների հետ, ինչով էլ պայմանավորված է այն փաստը, որ մարդիկ հաճախ խուսափում են աղի գործածությունից։ Սակայն թերապևտը շեշտում է, որ առանց բժշկի հետ խորհրդակցելու աղը սննդակարգից ամբողջությամբ բացառելը կարող է շատ լուրջ սխալ լինել։
«Աղից լիովին հրաժարվելը կարող է հանգեցնել նատրիումի դեֆիցիտի, ինչն էլ դառնում է գլխացավերի, մկանային թուլության, սրտխառնոցի, ախորժակի վատթարացման ու առհասարակ մարսողական խնդիրների, ինչպես նաև զարկերակային ճնշման նվազման ու ջղաձգումների զարգացման պատճառ։

Երկարաժամկետ հեռանկարում դա կարող է հանգեցնել գլխուղեղի կաթվածի կամ սրտամկանի ինֆարկտի», – նշել է մասնագետը՝ հավելելով, որ աղի պակասը հատկապես վտանգավոր է այն մարդկանց համար, որոնք լուրջ ֆիզիկական աշխատանք են կատարում, շատ են քրտնում ու ինչ-ինչ պատճառներով նորմայից հաճախ են միզում։
Բժիշկը նաև հիշեցրել է, որ օրական մոտ 5 գրամ աղն այս համեմունքի այն քանակությունն է, որն անվնաս է օրգանիզմի համար և պետք է անպայման ներառվի սննդակարգում, մինչդեռ առանց աղի սննդակարգը պետք է նշանակի միայն մասնագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

